ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանին թեկնածու առաջադրեց

Հայաստանի Հանրապետության նախագահ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել ՀՀԿ 14-րդ համագումար, որին ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանը, 1800 պատվիրակներ, շուրջ 60 տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՌԴ «Եդինայա Ռոսիա», Չինաստանի կոմունիստական և Եվրոպայի ժողովրդական կուսակցություններից: Հայաստանի խորհրդարանական ուժերից համագումարին ներկա են Հայ Յեղափոխական դաշնակցությունն ու«Օրինաց երկիր» կուսակցությունը:

Համագումարի օրակարգի միակ հարցը առաջիկա նախագահական ընտրություններին գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրումն էր: Սերժ Սարգսյանը միաձայն առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու, և իր շնորհակալական ուղերձում հավաստել, որ թույլ չի տա որևէ արարք, որի համար իր կուսակիցներն ամաչեն: