Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր և ԱՄՆ-ի նախագահ Բիլ Քլինթոնի խորհրդական Ջոզեֆ Շտիգլիցը Project-syndicate.org կայքում «Ամերիկան հուսով է՝ հակառակ ամեն ինչի» վերնագրով հրապարակած հոդվածում խոսում է Ամերիկայի գլոբալ խնդիրների մասին: Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև:
ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների խիստ պայքարից հետո, որի համար ծախսվեց ավելի քան $2 մլրդ դոլար, շատ դիտորդների թվում է, թե ամերիկյան քաղաքականությունում էական փոփոխություններ տեղի չեն ունեցել. Բարաք Օբաման նախկինի պես նախագահ է, հանրապետականները նախկինի պես իշխում են Ներկայացուցիչների պալատում, իսկ Սենատում նախկինի պես մեծամասնություն են կազմում դեմոկրատները։ Արդյոք կարո՞ղ է քաղաքական փակուղին պահպանելուց ավելի վատ բան լինել, եթե հաշվի առնենք, որ 2013թ. սկզբին Ամերիկան բախվում է «ֆինանսական ճեղքվածքի»՝ հարկերի ավտոմատ ավելացման և ծախսերի կրճատման, ինչը, հավանաբար, տնտեսությունը կտանի դեպի ռեցեսիա, եթե երկու կուսակցությունները համաձայնություն ձեռք չբերեն, կամ եթե չգտնվի ֆինանսավորման այլընտրանքային ուղի։
Իրականում ընտրությունները որոշ հարցերում լավ ազդեցություն ունեցան, բացի նրանից, որ դրանց արդյունքները ցույց տվեցին, որ չկառավարվող կորպորատիվ ծախսերը չեն օգնում գնելու ընտրությունը, և որ ԱՄՆ-ում ժողովրդագրական փոփոխությունները կարող են վերջ դնել հանրապետականների ծայրահեղականությանը։ Որոշ նահանգներում մարդկանց ընտրելու իրավունքից զրկելու հանրապետականների բացահայտ արշավը (օրինակ՝ Փենսիլվանիայում, որտեղ նրանք փորձեցին աֆրոամերիկացիների և լատինամերիկացիների համար դժվարացնել քվեարկելու համար գրանցվելու գործընթացը) հակառակ ազդեցությունն ունեցավ. նրանք, ում իրավունքները վտանգված էին, ավելի մոտիվացված դարձան և գնացին, որպեսզի իրագործեն ընտրելու իրենց իրավունքը։ Մասաչուսեթսում Էլիզաբեթ Ուորենը, որ Հարվարդի համալսարանում իրավունքի դասախոս է և շարքային քաղաքացիներին բանկերի շահագործումից պաշտպանելուն ուղղված բարեփոխումների անխոնջ մարտիկ, Սենատում մանդատ ստացավ։
Օբամայի հաղթանակն իր մրցակից Միթ Ռոմնիի խորհրդատուներից ոմանց, կարծես, հանկարծակիի բերեց. մի՞թե այս ընտրությունների հիմնական ուշադրությունն առաջին հերթին տնտեսությունը չէր։ Նրանք վստահ էին, որ ամերիկացիները կմոռանային, թե պետության կարգավորող գործառույթները սահմանափակելու հանրապետականների փութաջանությունն ինչպես էր տնտեսությունը բերել– հասցրել փլուզման եզրին, նրանք նաև վստահ էին, որ ընտրողները չէին նկատել, թե Կոնգրեսում իրենց անդրդվելի դիրքորոշումն ինչպես թույլ չտվեց սկսել առավել արդյունավետ քաղաքականություն վարել 2008թ. ճգնաժամից հետո։ Նրանք ենթադրում էին, որ ընտրողներն ուշադրություն կդարձնեն միայն ընթացիկ տնտեսական ճգնաժամի վրա։
Հանրապետականները պետք է թույլ չտային, որ իրենց հանկարծակիի բերեին ամերիկացիներին հուզող այնպիսի հարցում, ինչպիսին է ընտրելու իրավունքից զրկելը և գենդերային հավասարությունը։ Բացի այն, որ այս հարցերը հարվածում են երկրի հիմնական արժեքներին (այն, ինչ մենք ենթադրում ենք ժողովրդավարության և առանձին քաղաքացիների անձնական կյանք պետության ներխուժումը սահմանափակելու ներքո), դրանք նաև տնտեսական հարցեր են։ Իմ «Անհավասարության գինը» գրքում ես բացատրում եմ, որ ԱՄՆ-ում տնտեսական անհավասարության աճի հիմնական պատճառը կապված է պետության վրա հարուստների ունեցած անհամարժեք ազդեցության հետ, և նրանք դա օգտագործում են իրենց իսկ դիրքերն ամրապնդելու համար։ Ակնհայտ է, որ այնպիսի հարցեր, ինչպիսիք են վերարտադրողական իրավունքը և միասեռ ամուսնությունները, նույնպես տնտեսական լուրջ հետևանքներ ունեն։
Տնտեսական քաղաքականության տեսանկյունից այս ընտրություններից հետո առաջիկա չորս տարվա ընթացքում ուրախանալու հիմնական պատճառն այն է, որ ԱՄՆ-ը կարողացավ խուսափել այնպիսի միջոցներից, որոնք կհանգեցնեին ռեցեսիայի, անհավասարության ավելացման, տարեցների համար հավելյալ դժվարություններ կստեղծեին և խոչընդոտներ միլիոնավոր ամերիկացիների համար առողջապահական ծառայություններից օգտվելու հարցում:
Բացի դրանից՝ ամերիկացիները ահա թե ինչ պետք է հուսան՝ «աշխատատեղերի» մասին ուժեղ օրինագիծ՝ հիմնված կրթության, առողջապահության, տեխնոլոգիաների և ենթակառուցվածքների ոլորտում ներդրումների վրա, որը կխթանի տնտեսությունը, կվերականգնի աճը, կկրճատի գործազրկությունը, երբ հարկային եկամուտները կգերազանցեն ծախսերը՝ բարելավելով երկրի ֆինանսական դրությունը։ Ամերիկացիները կարող են նաև հուսալ, որ կունենան բնակարանային ծրագիր, որը, ի վերջո, կլուծի Ամերիկայում հիփոթեքային ճգնաժամի խնդիրը։
Անհրաժեշտ է նաև տնտեսական հնարավորություններն ընդլայնող և անհավասարությունը կրճատող համալիր ծրագիր, որի նպատակը կլինի հաջորդ տասնամյակի ընթացքում փոխել Ամերիկան այնպես, որպեսզի այն այլևս չբնորոշվի որպես անհավասարության ամենաբարձր և սոցիալական շարժունակության ամենացածր մակարդակ ունեցող զարգացած երկիր։ Սա, ի թիվս այլ բաների, ենթադրում է հարկային արդար համակարգի ստեղծում, որն առավել պրոգրեսիվ կլինի և կվերացնի խեղաթյուրումներն ու սխալները, որոնք սպեկուլյանտներին հնարավորություն են տալիս արդյունավետության ավելի ցածր տեմպերով վճարել հարկերը՝ ի տարբերություն նրանց, ովքեր օրվա ապրուստի խնդիր են լուծում, և որոնք հարուստներին թույլ են տալիս Կայմանյան կղզիներն օգտագործել հարկերի իրենց արդար մասնաբաժինը չվճարելու նպատակով։
Ամերիկան, ինչպես և ողջ աշխարհը, կշահի ԱՄՆ-ի էներգետիկ քաղաքականությունից, որը նվազեցնում է կախվածությունը ներկրումների նկատմամբ ոչ միայն էներգիայի ներքին արտադրության ընդլայնման, այլև սպառման ծավալների կրճատման հաշվին, և հաշվի է առնում գլոբալ տաքացման ռիսկերը։ Բացի այդ՝ ամերիկյան գիտական և տեխնոլոգիական քաղաքականությունում պետք է արտացոլվի այն ըմբռնումը, որ կյանքի որակի երկարաժամկետ բարելավումը կախված է աշխատանքի արտադրողականության աճից, որն արտացոլում է տեխնոլոգիական առաջընթաց և որն իր հերթին ենթադրում է բազային հետազոտությունների ամուր հիմք։
Եվ վերջապես, ԱՄՆ-ին հարկավոր է ունենալ ֆինանսական համակարգ, որը կծառայի ողջ հասարակությանը, այլ ոչ թե կգործի այնպես, ասես ինքնանպատակ լինի։ Սա նշանակում է, որ այդ ֆինանսական համակարգը պետք է սպեկուլյատիվ և ներքին առևտրային գործառնություններից անցում կատարի վարկավորման և աշխատանքներ ստեղծելուն, ինչն իր հերթին ենթադրում է ֆինանսական սեկտորի կառավարման բարեփոխումներ և հակամենաշնորհային և կորպորատիվ կառավարման օրենքի ընդունում, դրա հետ մեկտեղ՝ համապատասխան մարմինների ստեղծում, որոնք կօգնեն համոզվելու, որ շուկաները ընդհատակյա խաղատների չեն վերածվում։
Գլոբալիզացիան աշխարհի բոլոր երկրներին ավելի շատ փոխադարձ կախվածության մեջ է դրել՝ իր հերթին պահանջելով է՛լ ավելի մեծ գլոբալ համագործակցություն։ Կարող ենք հուսալ, որ Ամերիկան ավելի շատ քայլեր կնախաձեռնի համաշխարհային ֆինանսական համակարգը բարեփոխելու հարցում՝ հանդես գալով հօգուտ միջազգային կանոնակարգման ուժեղացման, համաշխարհային պահուստային ֆոնդի, ինչպես նաև պետպարտքի ռեստրուկտուրիզացիայի ավելի արդյունավետ միջոցների կիրառման, գլոբալ տաքացման դեմ պայքարում, միջազգային տնտեսական ինստիտուտների ժողովրդավարացման, ինչպես նաև աղքատ երկրներին օգնություն տրամադրելու հարցերում։
Ամերիկացիները պետք է հուսան, որ կունենան այս ամենը, թեև չեմ կարծում, որ շատ բանի կհասնեն։ Հաջողություններն ավելի շուտ աննշան կլինեն՝ կլինի ևս մի փոքրիկ ծրագիր՝ ի պաշտպանություն ուսանողների և տների սեփականատերերի, կավարտվեն հարուստների՝ Բուշի օրոք սահմանված հարկերի կրճատումները, սակայն չեն լինի մեծածախ առևտրի հարկերի բարեփոխումներ, պաշտպանության ոլորտում ծախսերի լուրջ կրճատումներ կամ գլոբալ տաքացման դեմ պայքարում զգալի առաջընթաց։
Եթե հաշվի առնենք, որ եվրոյի ճգնաժամը, հավանաբար, կշարունակվի նախկին տեմպերով, Ամերիկայի շարունակական խնդիրները համաշխարհային տնտեսական աճին որևէ լավ բան չեն տա։ Նույնիսկ ավելի վատ. Ամերիկայում ուժեղ ղեկավարության բացակայության պայմաններում վաղեմի գլոբալ խնդիրները (սկսած կլիմայի փոփոխությունից, վերջացրած միջազգային արժութային համակարգի խիստ անհրաժեշտ բարեփոխումներով) կշարունակեն ավելի խորանալ։ Այդուհանդերձ, մենք պետք է երախտապարտ լինենք նաև սրան. ավելի լավ է կանգնել տեղում, քան շարժվել սխալ ուղղությամբ։