ԱՊՊԱ-ն կմնա անփոփոխ

ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների զեղչերի և հավելավճարների (Բոնուս-Մալուս) համակարգի ներդրումը, խախտելով օրենքի պահանջը, կարող է հետաձգվել մեկ տարով։ Մեկ տարի ևս բարեխիղճ և ոչ այնքան բարեխիղճ վարորդները կշարունակեն միևնույն չափով վճարել ապահովագրական պոլիսների համար։

Ավտոապահովագրողների բյուրոն մշակել է «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների հաշվարկման ժամանակ Բոնուս-Մալուս համակարգի կիրառման կանոնների» նախագիծ, ըստ որի՝ այս համակարգը գործելու է 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող բոլոր ԱՊՊԱ պայմանագրերի համար: Սա այն դեպքում, երբ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքով ամրագրված է, որ Բոնուս-Մալուս համակարգը կիրառվում է 2013թ. հունվարի 1-ից հետո կնքված ԱՊՊԱ պայմանագրերի նկատմամբ։

Ստացվում է, որ ԱՊՊԱ համակարգի կայունության և զարգացման ապահովման համար ստեղծված կառույցը մշակել է մի նախագիծ, որը հակասում է ոլորտը կարգավորող օրենսդրությանը։ Նախագծում նույնիսկ հստակ նշված է, որ 2013թ. ընթացքում ուժի մեջ մտնող ԱՊՊԱ պայմանագրերի գծով ապահովագրավճարների հաշվարկման ժամանակ կիրառվող «Բոնուս-Մալուս դաս» է համարվում բազային դասը: Բազային դասի գործակցի մեծությունը հավասար է 1 միավորի, ինչը նշանակում է, որ այս դասում գտնվող ապահովադիրը չունի ո՛չ բոնուս, ո՛չ մալուս։ Պարզ ասած՝ 2013թ. ապահովագրավճարների չափը կազմելու է այնքան, որքան այս տարի։

Բյուրոյի կողմից համակարգի ներդրումը մեկ տարով հետաձգելը անհասկանալի է։ Բոնուս-Մալուս համակարգի ողջ տրամաբանությունն այն է, որ բարեխիղճ վարորդների համար ապահովագրավճարները լինեն ավելի փոքր, իսկ օրինախախտների համար, ելնելով թույլ տրված խախտումների քանակից և բնույթից՝ ավելի բարձր։ Բացի այն, որ այս համակարգը բարձր ռիսկայնություն ունեցող վարորդներին կստիպի բարձր սակագներով «փոխհատուցել» վնասները, համակարգը վարորդներին կստիպի նաև պահպանել ճանապարհային անվտանգության կանոնները, ինչի արդյունքում էապես կնվազեն պատահարները։

Բոնուս-Մալուսը հնարավորություն կտար շտկել նաև այն թերությունները, որոնք թույլ էին տրվել 2010թ. սակագները որոշելիս։ Խնդիրն այն է, որ ԱՊՊԱ սակագները հաշվարկելիս ութ ռիսկային գործակիցներից հաշվի է առնվել միայն հինգը։ Հաշվի չի առնվել մեքենայի շահագործման տարեկան ինտենսիվությունը, շահագործման վայրը, արդյունքում գյուղական և քաղաքային բնակավայրերում շահագործվող միևնույն տեսակի ավտոմեքենայի համար սահմանվել են միևնույն սակագները։ Համակարգի գործարկումն ըստ էության թույլ կտար գյուղական վայրերի բնակչության համար նվազեցնել ապահովագրավճարները։

Բոնուս-Մալուս համակարգը բխում է նաև ապահովագրական ընկերությունների շահերից։ Թեև ԱՊՊԱ սակագների հաշվարկման հիմքում դրված է վնասաբերության 78% մակարդակ, ապահովագրական ընկերությունները նշում են, որ կրիտիկական ցուցանիշը 70%-ն է։ Սակագինը հաշվարկելիս հիմք է ընդունվել պատահարների ավելի փոքր թվաքանակ, քան ներկայում արձանագրվում է։ Ի դեպ՝ հոկտեմբերի դրությամբ ԱՊՊԱ ոլորտում վնասաբերությունը կազմել է 72%։

Այսօր ապահովագրական ընկերությունների համար բարձրռիսկային են համարվում տաքսիները և միկրոավտոբուսները (Հայաստանում առկա է ավելի քան 8 հազ. տաքսի)։ Ներկայիս վնասաբերության պայմաններում այս դասը շարունակում է խնդրահարույց մնալ, իսկ սեփական ռիսկերը որոշակիորեն նվազեցնելու համար ապահովագրական ընկերությունները դիմում են հնարքների։ Տաքսիների հետ կնքվում են կարճաժամկետ՝ 3 ամսվա պայմանագրեր, որոնք ավելի թանկ են, քան մեկ տարվանը։

Նախատեսվում է, որ Բյուրոյի խորհուրդը նախագիծը կքննարկի գալիք շաբաթ կայանալիք նիստին։

Մեկնաբանել