Զիմբաբվեում այլևս դիկտատուրա չկա

Ամենայն հավանականությամբ, ՀՀ առաջիկա նախագահական ընտրությունները կլինեն ոչ մրցակցային։ Սերժ Սարգսյանը կունենա մի շարք մրցակիցներ, որոնք ժամանակ առ ժամանակ կզվարճացնեն հայաստանյան հասարակությանը։ Հայաստանում քաղաքականությունը սպառել է իրեն, որովհետև քաղաքականության այնպիսի կարևոր գործիք, ինչպիսին ընտրություններն են, ամբողջովին իմաստազրկվել են։ Կարելի է մեղադրել քաղաքական ուժերին, որոնք, անկախ ուղղվածությունից ու գաղափարախոսությունից, հարմար պահը չեն կորցնում գործարքների գնալու և ավելի խորացնելու համընդհանուր ճգնաժամը։ Սակայն ակնհայտ է, որ նույնիսկ սկզբունքային քաղաքական ուժի առկայությունը չի կարող օգտակար լինել իշխանափոխության օրինական ճանապարհների բացակայության պատճառով։

Նման վիճակը զգալիորեն թուլացնում է Հայաստանը, այն դարձնում միջազգային քաղաքականության օբյեկտ։ Հայաստանի և հայ ժողովրդի շուրջ կազմվում են տարբեր ծրագրեր, մեր հայրենիքը դիտվում է որպես ֆորտպոստ, մենք էլ՝ կենսաբանական հումք՝ այլ ազգերի արյան մեջ սրսկվելու համար։ Ի դեպ՝ խոսքը միայն Ռուսաստանին չի վերաբերում. հայաստանյան իշխանությունների վերջին տարիների անդեմ պահվածքը նման ցանկություններ առաջացրել է տարբեր խաղացողների մոտ։

Պետք է շնորհակալ լինենք, որ կենտրոնական իշխանությունը դեռևս համապատասխան ռեսուրս ունի երկրի միասնականությունը պահելու և այն տարբեր իշխանիկների տիրապետության տակ հայտնված հատվածների չբաժանելու համար։ Սակայն ինչքանո՞վ է այդ ռեսուրսը բավարար հետագա տարիների համար։ Արդյո՞ք մի օր Հայաստանը չի վերածվի Շևարդնաձեի տարիների Վրաստանի, երբ կենտրոնական իշխանություն կոչվածը կարողանում էր վերահսկել միայն մայրաքաղաքը, այն էլ՝ ոչ ամբողջությամբ։

Էպոսագետի հետ մրցակցությունում Սերժ Սարգսյանը վստահաբար հաղթանակ կտոնի։ Ավելին՝ նա կարող է դառնալ ՀՀ պատմության մեջ ամենամեծ տարբերությամբ հաղթանակ տարած գործիչը։ Հեռուստաէկրաններին կհայտնվեն սոցիոլոգներ և քաղաքագետներ, որոնք կհամոզեն մեզ, որ ընտրությունները մրցակցային էին, և ընտրված թեկնածուն հայաստանցիների ցանկությունների մարմնացումն է։ Կիսաձայն մի քանի քննադատական գրառումներին էլ իշխող կուսակցության մեդիատիկ դեմքերը կպատասխանեն խոհափիլիսոփայական փաստարկներով կամ թունոտ ակնարկներով։ Ի վերջո, ամենաիմաստունը ժողովուրդն է, իսկ ժողովուրդն արդեն արել է իր ընտրությունը։ Ինչպես, ասենք, Զիմբաբվեում, որտեղ այլևս դիկտատուրա չկա։ Անցկացվում են ժողովրդավարական ընտրություններ, որոնցում հաղթում է նախկին դիկտատոր Մուգաբեն։

Անցումային ժողովրդավարության որոշ մասնագետներ պնդում են, որ հետխորհրդային մի շարք երկրներ տոտալիտարիզմից անցում չեն կատարում դեպի ժողովրդավարություն։ Անցումային շրջան կոչվածն այս երկրներին ու հասարակություններին տանում է դեպի անհայտ մի ռեժիմ, որը ոչ այլ ինչ է, քան գեղեցիկ քողարկված նախկին ռեժիմը։ Մոտավորապես այնպես, ինչպես Մուգաբեն է հաղթում Զիմբաբվեի ժողովրդավարական ընտրություններում։

Մեկնաբանել