«Ռոստելեկոմը» գալիս է Հայաստան

GNC Alfa-ն` որպես «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկություն, Հայաստանում սկսում է մատուցել հեռահաղորդակցության ծառայություներ «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո, հաղորդում են ընկերության մամուլի ծառայությունից:

GNC Alfa-ն սկսում է մատուցել ֆիքսված հեռախոսակապի, ինտերնետ հասանելիության, շուտով նաև` ինտերակտիվ հեռուստատեսության ծառայություններ ֆիզիկական անձանց համար:

«Ուրախ ենք, որ հնարավորություն ենք ստացել հանդես գալու ռուսաստանյան հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն ընկերության ապրանքանիշի ներքո և մատուցելու բարձրակարգ ծառայություններ հայաստանյան սպառողներին,- նշել է GNC Alfa-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը: -Մեր շուկայում մեծ պահանջարկ կա ժամանակակից հեռահաղորդակցության ծառայությունների նկատմամբ և որակապես նոր մակարդակի ծառայությունները այսուհետ հասանելի կլինեն նաև մեր երկրի սպառողներին:»

«Ռոստելեկոմի» նախագահ Ալեքսանդր Պրովոտորովի խոսքով` հաշվի առնելով GNC Alfa ընկերությունում իրականացված ենթակառուցվածքային ներդրումները և տեղական շուկայում ընկերության փորձն ու գործող ծանրակիշիռ կորպորատիվ հաճախորդների ցանցը՝ «Ռոստելեկոմը» կայուն հիմք ստեղծեց ֆիքսված հեռախոսակապի, ինտերնետի հասանելիության և ինտերակտիվ հեռուստատեսության ծառայությունների հայաստանյան շուկա մուտք գործելու համար, ուր առկա են զարգացման բավական լուրջ նախադրյալներ:

«Հատկանշական է, որ ՌԴ-ից հետո ՀՀ-ն առաջին երկիրն է, ուր «Ռոստելեկոմ» ընկերությունն սկսեց տրամադրել իր ծառայությունները»,- նշել է Ա. Պրվոտորովը:

Նշենք, որ GNC Alfa ընկերության ցանցն ամբողջությամբ հիմնված է օպտիկամանրաթելային մալուխի վրա՝ ծածկելով ՀՀ տարածքի 80%-ն ու տարածվելով ավելի քան 2500 կմ: Այն միացված է տարածաշրջանի հիմնական մագիստրալային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն հանգույցների, ինչպես նաև Իրանի և Վրաստանի հետ միջազգային կապուղիների միջոցով:

«Ռոստելեկոմ» ընկերությունը ռուսաստանյան հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որի ինտերնետային ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ ավելի քան 6 մլն-ը: