ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, կան դժվարանցանելի ճանապարհներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից տեղեկանում ենք, որ որոշ շրջաններում՝ Ապարանում, Սիսիանում, Հրազդանում, Կոտայքում, Մարտունիում, Բաղրամյանում, Թալինում, Մարալիկում, Արթիկում, Սպիտակում, Տաշիրում, Արտաշատում, Աշոցքում, Արարատում, Եղեգնաձորում, Վայքում, Սելիմի լեռնանցքում, ձյուն է տեղում: Վարդենիսի և Վանաձորի ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Անընդմեջ տեղացող ձյան պատճառով ծանրաքարշ մեքենաների համար դժվարանցանելի է Կիրանց-Ոսկեպար-Նոյեմբերյան ավտոճանապարհը: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման և մշակման աշխատանքներ:
Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ Մցխեթա-Ստեփանցմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի(փոստա)-Քոբի հատվածի կմ93-կմ106 հատվածում ձյան առատ տեղումների պատճառով հնարավոր չէ ճանապարհի մաքրման աշխատանքներ իրականացնել, որի հետևանքով ճանապարհահատվածը փակ է։ Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից հավաստիացնում են, որ ձնաբքում հայտնված մեքենաներ չկան։