Յանուկովիչը հետաձգել է այցը Մոսկվա

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի այցը Մոսկվա, որը նշանակված էր դեկտեմբերի 18-ին, որոշվել է հետաձգել։ Այս մասին, ինչպես հաղորդում է ռուսական «Ռիա նովոստի» գործակալությունը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նա պարզաբանել է, որ այցը հետաձգել են «ստորագրման պատրաստվող փաստաթղթերը մշակելու անհրաժեշտության պատճառով»։

Թե խոսքը կոնկրետ որ փաստաթղթերի մասին է, նա չի հստակեցրել։ Ուկրաինայի նախագահի՝ Ռուսաստան այցի նոր ամսաթվի մասին տեղեկատվություն նույպես չկա։

Ավելի վաղ Յանուկովիչի մամլո ծառայությունը հաղորդել էր, որ իր ռուս պաշտոնակցի հետ հանդիպմանն Ուկրաինայի առաջնորդը ծրագրում է քննարկել համագործակցության հարցերը էներգետիկ և առևտրատնտեսական ոլորտներում։ Մի շարք աղբյուրներ վստահցենում էին, որ երկու երկրների նախագահների հանդիպմանը խոսվելու է գազի գնի հաշվարկի բանաձևի վերանայման և Ուկրաինայի՝ Մաքսային միությանը միանալու գործընթացը սկսելու մասին։

Մեկնաբանել