Մատաղիսի գործով մեղադրյալներն արդարացվեցին

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ անմեղ ճանաչեց Մատաղիսի գործով մեղադրյալ երեք երիտասարդներին` Ռազմիկ Սարգսյանին, Արայիկ Զալյանին ու Մուսա Սերոբյանին: Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի լրագրողը Գյումրիից, այժմ իրավաբանները, ակտիվիստներն ու շահագրգիռ կողմերը կենտրոնացնելու են իրենց ուժերը` բացահայտելու իրական մարդասպաններին` տուժողի իրավահաջոդ Մովսես Մկրտումյանի հետ համատեղ:

Նշենք, որ այս գործը ձգվել է շուրջ 9 տարի: 2003թ. Լեռնային Ղարաբաղի Մատաղիսի զորամասում իրենց ծառայակիցներ Հովսեփ Մկրտումյանին և Ռոման Եղիազարյանին սպանելու մեջ մեղադրվող նույն զորամասի երեք նախկին զինծառայողներ Ռազմիկ Սարգսյանը, Արայիկ Զալյանն ու Մուսա Սերոբյանը, դատապարտվել էին ցմահ ազատազրկման։ Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը 2006թ. մայիսին Մատաղիսի գործը բեկանել և ուղարկել էր լրացուցիչ քննության, իսկ ցմահ ազատազրկման դատապարտված զինծառայողները ազատ էին արձակվել։ Սակայն 2008թ. ամռանը երեք նախկին զինծառայողները կրկին նույն մեղադրանքով հայտնվեցին ամբաստանյալի աթոռին, և միայն այս ամսվա սկզբում մեղադրող կողմը սպանության մեղադրանքը փոխեց՝ ամբաստանյալներին մեղադրելով Ռոման Եղիազարյանին և Հովսեփ Մկրտումյանին դիտավորությամբ մարմնական ծանր վնասվածք հասցնելու մեջ, որն անզգուշությամբ մահվան է հանգեցրել։

Նոր մեղադրանքով մեղադրող կողմը միջնորդել էր դատարանին Ռազմիկ Սարգսյանին դատապարտել 7, իսկ Արայիկ Զալյանին ու Մուսա Սերոբյանին՝ 8 տարվա ազատազրկման։

Հավելենք նաև, որ այսօր առավոտյան «Բանակն իրականում» նախաձեռնող խմբի անդամ Լալա Ասլիկյանը ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին էր հանձնել Human Rights Watch կազմակերպության հրատապ նամակը Մատաղիսի գործի վերաբերյալ:

ՍիվիլՆեթի` այս գործին առնչվող նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ: