ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Լևոն Զուրաբյանը և ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը հայց են ներկայացրել Գլխավոր դատախազություն, որով պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել իրենց մասնավոր զրույցը գաղտնալսած և համացանցում տարածած անձանց:
Դիմումում, մասնավորապես, ասված է. «Առաջարկում ենք մեր զրույցի ապօրինի գաղտնալսման և սոցցանցերում տեղադրման կապակցությամբ հարուցել քրեական գործ՝ հայտնաբերել և պատժել հանցագործության պատասխանատուներին: Կից ներկայացնում ենք այդ կապակցությամբ մեր կողմից արված հայտարարությունները»:
Նշենք, որ դեկտեմբերի 16-ին համացանցում էր հայտնվել Զուրաբյանի և Օսկանյանի զրույցի ձայնագրությունից մի հատված, որում պատգամավորները քննարկում են նախագահական ընտրություններում հավանական թեկնածուներին: Պատգամավորներն ավելի ուշ հանդես եկան հայտարարություններով` դատապարտելի և անօրինական համարելով մասնավոր զրույցի ձայնագրումն ու հրապարակումը: Լևոն Զուրաբյանը, մասնավորապես, մեղադրել էր ԱԱԾ-ին զրույցի գաղտնալսման և հրապարակման մեջ: ԱԱԾ-ն, իր հերթին, հերքել է իրեն ուղղված բոլոր մեղադրանքները: