Միասնական թեկնածուի մասին խոսակցությունները բլեֆ են. Է.Շարմազանով

Բոլոր մյուս թեկնածուները պարզ տեսնում են, որ իրենք առաջադրվելով՝ պայքարելու են այլ տեղերի համար: Միասնական թեկնածուի մասին խոսակցությունները բլեֆ են, քանի որ մեր երկրում ընդդիմությունը բազմաշերտ է. նշեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Հ1» հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդման շրջանակում:

Նրա կարծիքով՝ այս ընտրությունները կանխատեսելի են, քանի որ հստակ որոշված է դրանք անցկացնել ազատ և թափանցիկ, «ուրեմն և անցնելու են արդար», և միանշանակ հաղթելու է ՀՀԿ թեկնածուն, թեպետ «Հանրապետական կուսակցությունն ինքնանպատակ հաղթանակների կարիք չունի»:

«Եթե մի գործիչ կարողանում է բարձր գնահատել իր նախորդների գործերը, դա խոսում է այն մասին, որ նա լայնախոհ գործիչ է,- ՀՀԿ համագումարում ՀՀԿ և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը մեկնաբանելով՝ ասաց նա:- Այս ելույթը գնում էր դեպի լույս՝ հանուն Հայաստանի պայծառ ապագայի: Եվ շատ կարևոր է, որ այս ելույթում պատասխանատվությունից խուսափելու որևէ փորձ չարվեց, մեղավորներ փնտրելու փորձ չարվեց»:

Շարմազանովի դիտարկմամբ՝ նախագահի ելույթի մասին քննադատական կարծիքները քաղաքական այս ժամանակաշրջանով պայմանավորված էին այդպիսին: «Որոշ դեպքերում այդ քննադատությունները բնական էին, որովհետև ընդդիմությունը պիտի քննադատի, իշխանությունը՝ աշխատի: Բայց դրանից նախագահի ելույթի արժեքը չի փոխվի: Բացի դրանից, ընդդիմությունը հիմա դիսկոմֆորտի մեջ է, քանի որ եթե նախկինում ընդդիմությունն է եղել արդարության լոկոմոտիվը, ապա հիմա այն հանրապետության ղեկավարն է և իշխող ուժը: Հանրապետության ղեկավարը չի ասում՝ երկրում կոռուպցիա չկա, ասում է՝ պետք է արմատախիլ անենք»,- մեկնաբանեց նա:

Ըստ Շարմազանովի՝ իշխանությունն արդեն հասկացել է, որ առանց անկախ ու ազատ քաղաքացու երկիրը չի կայանա, որ անհրաժեշտ է «քաղաքացու հետ դուք-ով խոսել», որ իշխանությունը միայն ծառայում է ժողովրդին: Այս ելույթը, ըստ խոսնակի, շատ լուրջ մեսիջներ ուղարկեց նաև արտերկրին՝ ցույց տալով Հայաստանի առաջնահերթությունները:

Մեկնաբանել