Ապահովագրական ընկերությունները խուսափում են ԱՊՊԱ պայմանագրեր կնքել տաքսիների հետ, այն դեպքում, երբ դրանք պարտադիր են ավտոտրանսպորտային բոլոր փոխադրամիջոցների համար։ Տաքսիների համար այս պայմանագրերը թանկ են մոտ 50%-ով՝ համեմատ անձնական տրանսպորտային միջոցների, իսկ վնասաբերությունը 150-250% է։
Ավտոապահովագրողների բյուրոն հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Հայաստանի տարածքում գործող ապահովագրական ընկերությունները պարտավոր են ԱՊՊԱ պայմանագիր կնքել իրենց դիմող յուրաքանչյուր անձի հետ։ «Ապահովագրական ընկերությունները պարտավոր են կնքել ԱՊՊԱ պայմանագիր իրենց դիմող անձանց հետ օրենքի շրջանակներում՝ վերջիններիս նախընտրած պայմաններով: ԱՊՊԱ պայմանագիր կարելի է կնքել նվազագույնը 3 ամիս և առավելագույնը՝ 1 տարի ժամկետով»,– նշված է հաղորդագրությունում։ Ըստ Բյուրոյի՝ ապահովագրական ընկերությունները ոչ միայն որևէ հիմք չունեն մերժելու իրենց դիմած անձանց, այլև սահմանափակումներ դնելու ԱՊՊԱ պայմանագիր կնքելու հարցում։
ԱՊՊԱ համակարգի կայունության և զարգացման ապահովման նպատակով ստեղծված Բյուրոն ըստ էության հորդորում է պահպանել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի տառը՝ չնշելով հաղորդագրության ու ապահովագրական ընկերությունների նման վարքագծի իրական պատճառները։
Խնդիրն այն է, որ ապահովագրական ընկերությունները ամեն կերպ խուսափում են ԱՊՊԱ պայմանագրեր կնքել տաքսիների հետ, քանի որ դրանց վնասաբերությունը մի քանի անգամ գերազանցում է այլ ավտոմեքենաներինը։ Չնայած տաքսիների մեկ տարվա պոլիսը մոտ 50%-ով թանկ է, քան անձնական ավտոմեքենաներինը, սակայն մեծ է նաև վնասաբերությունը՝ 150-250% (ԱՊՊԱ ոլորտի վնասաբերությունը 72% է)։ Պարզ ասած՝ ապահովագրական ընկերությունները մոտ երկու անգամ ավելի գումար են ուղղում տաքսիների կողմից հասցված վնասների հատուցմանը, քան հավաքագրում են։
Ստացվում է, որ ստեղծված իրավիճակում տաքսիների հատուցումներին ուղղվում են ավելի պարտաճանաչ վարորդներից հավաքագրվող միջոցները։ Ապահովագրական ընկերությունները հավաքագրումներին և հատուցումներին ուղղվող գումարների միջև ճեղքվածքը կրճատելու նպատակով տաքսիների հետ կնքում են կարճաժամկետ՝ երեք ամսվա պայմանագրեր, որոնք 40%-ով ավելի թանկ են։ Նույնիսկ այս պայմաններում վնասաբերության խնդիրը չի լուծվում։ Հայաստանում գրանցված է 8 հազ. տաքսի, որը ապահովագրված ավտոմեքենաների 2%-ն է։ Չնչին թվացող այս մասնաբաժինն ըստ էության խաթարում է ԱՊՊԱ ոլորտի կայունությունը։
Ոլորտի բնականոն գործունեության ապահովման համար առկա է երկու ճանապարհ՝ կա՛մ Ավտոապահովագրողների բյուրոն պետք է վերանայի տաքսիների պոլիսների սակագները, կա՛մ տաքսի ծառայության ոլորտը կարգավորող մարմինը՝ տրանսպորտի և կապի նախարարությունը, պետք է խստացնի վերահսկողությունը։
Տաքսիների բարձր վնասաբերությունը պայմանավորված է նրանով, որ կազմակերպություններում համատարած խախտվում են տրանսպորտային միջոցների շահագործման, ինչպես նաև աշխատանքային օրենսգրքի պահանջները։ Հայաստանում ուղևորափոխադրումներ կազմակերպելու լիցենզիաները տրամադրում է տրանսպորտի և կապի նախարարությունը, որը և իրականացնում է վերահսկողությունը։ Ծառայություն մատուցող ընկերությունը պետք է ունենա ավտոմեքենաները երթուղի դուրս գալուց առաջ տեխնիկական վիճակի վերահսկման ու վարորդների ամենoրյա բուժզննման կետ։ Սակայն տաքսի ծառայություններում ոչ միայն չեն պահպանվում լիցենզավորման այս պայմանները, այլև վարորդները աշխատում են օրենսդրությամբ սահմանված ժամանակից ավելի, ինչի հետևանքով նվազում է զգոնությունը։
Հայաստանում աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահպանման վերահսկողությունը պետք է իրականացնի Աշխատանքի պետական տեսչությունը։ Վերջինս կարծես չի նկատում տաքսի ծառայություններում տիրող իրավիճակը։
Ստացվում է, որ երկու պետական գերատեսչությունների անգործունեության արդյունքում մի կողմից ապահովագրական ընկերությունները դիմում են վնասաբերությունը նվազեցնելու հնարքների՝ խախտելով օրենքը, մյուս կողմից՝ տաքսի ծառայություններում խախտվում են աշխատանքային պայմանները։