Հայաստանը կարող է անդամակցել Մաքսային միությանը. Վ. Խրիստենկո

Չնայած ընդհանուր սահմանի բացակայությանը` Հայաստանը կարող է անդամակցել Մաքսային միությանը, ռուսական «Վեդոմոստի» թերթին տված հարցազրույցում այսպիսի տեսակետ է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն:

«Շատերն են ընդհանուր սահմանի բացակայությունը համարում անհաղթահարելի խոչընդոտ, բայց ըստ իս` դա այդպես չէ,- ասել է Խրիստենկոն` ընդգծելով, որ Հայաստանը շատ զգայուն ենթակառուցվածքային սահմանափակումներ ունի, և նրա միակ տրանսպորտային միջանցքը Մաքսային միության հետ անցնում է Վրաստանով: -Սակայն Հայաստանի ռազմավարական հետաքրքրությունը հստակ ձևակերպված է, ինչը հանգեցնում է նրան, որ այն եվրասիական երկիր է: Պետք է դիտարկել բոլոր հետաքրքիր ձևաչափերը: Ընդհանուր առմամբ, աշխարհը փոխվում է, և մեր զինանոցում կարող են հայտնվել համագործակցության` մինչ այժմ գոյություն չունեցող նոր մոդելներ»:

Խրիստենկոն նշել է, որ վերջերս Մաքսային միության անդամներն Ուկրաինայի կառավարության հետ առևտրի և տեխնիկական կարգավորման ոլորտում համագործակցության հուշագրեր են ստորագրել, որոնք հիմքեր են երկխոսության համար: Նա հավելել է, որ վերջերս համանման հուշագրերի ստորագրման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Հայաստանի կառավարության հետ:

«Կարծում եմ, որ Հայաստանի հետ գործակցությունը կարող է նույնիսկ ավելի ինտենսիվ լինել, քան Ուկրաինայի հետ»,- նշել է Խրիստենկոն:

Հիշեցնենք, որ այս ամիս` ավելի վաղ, Խրիստենկոն հանդիպել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, որի ընթացքում անդրադարձ էր կատարվել նաև տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներին:

Մեկնաբանել