Կալանավորվել են ոստիկանության աշխատակիցներ

Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով առաջադրվել է մեղադրանք ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորների նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ, հաղորդում են հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունից:

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Խաչիկ Բախբուդարյանը, Արտակ Բարսեղյանը 2012թ. հոկտեմբերի 3-ին գողություններ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել քաղաքացու, առանց արձանագրություն կազմելու և համապատասխան գրանցում կատարելու աշխատասենյակում բռնություն են գործադրել նրա նկատմամբ, պատճառել առողջությանը միջին ծանրության վնաս:

Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրանց նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: