Տաշքենդը պաշտոնապես դադարեցրեց անդամակցությունը ՀԱՊԿ-ին

Ուզբեկստանը պաշտոնապես դադարեցրել է անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), կազմակերպությանն անդամագրվելու համար արտոնություններ Տաշքենդը չի ունենա, ռուսական «Ռիա նովոստի» գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Մենք բավարարել ենք նրանց խնդրանքը և դադարեցրել ենք Ուզբեկստանի անդամակցությունը ՀԱԿՊ-ին»,- ասել է Լուկաշենկոն ՀԱՊԿ-ի՝ Մոսկվայում ընթացող Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստին։ Նրա խոսքով՝ ՀԱՊԿ անդամ երկրները նաև պայմանավորվել են, որ «կազմակերպությանն անդամագրվելու որևէ արտոնություն, այդ թվում՝ այս պետության համար, այլևս չի լինելու»։

Հունիսի վերջին Ուզբեկստանը ՀԱՊԿ-ի քարտուղարությանն ուղարկել էր նոտա կազմակերպության գործունեությունում իր մասնակցությունը դադարեցնելու մասին։ Ուզբեկստանը նախկինում արդեն դուրս եկել էր ՀԱՊԿ-ից․ 1999թ․ Տաշքենդը հրաժարվել էր երկարացնել պայամանագիրը, սակայն 2006թ․ օգոստոսին Ուզբեկստանը վերականգնել էր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։

Այսպիսով՝ ՀԱԿՊ-ի անդամ են մնում Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ստեղծվել է 1992թ․ մայիսի 15-ին ԱՊՀ անդամ երկրների ստորագրած Հավաքական անվտանգության մասին պայմանագրի հիման վրա։