Էլեկտրոնիկա արտադրող IGB Electronica բրազիլական ընկերությունը վաճառքի կհանի IPHONE առևտրանիշով սմարթֆոններ, հաղորդում է Reuters-ը:
Սմարթֆոնը կաշխատի Android օպերացիոն համակարգով: Այս շարքի առաջին հեռախոսը ստացել է Neo One անվանումը, որն աշխատում է Android 2.3 օպերացիոն համակարգով, ունի երկու SIM քարտի օգտագործման հնարավորություն, 3,7 սմ անկյունագծով էկրան, 5 Մգպ տեսախցիկ: Neo One-ն արժե մոտ $290 (599 բրազիլական ռեալ):
IGB Electronica-ն պնդում է, որ իրավունք ունի վաճառելու իր արտադրանքը IPHONE առևտրանիշով: Ընկերությունն այս առևտրանիշի գրանցման հայտ է ներկայացրել 2000թ., որի իրավունքը ստացել է 2008թ.: Նշվում է, որ Բրազիլիայում iPhone անվան իրավունքը պատկանում է Apple-ին, որը համապատասխան առևտրանիշի գրանցման հայտը ներկայացրել է 2006թ.:
Apple-ի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել այս իրադրությունը: Բրազիլիայում iPhone 5-ի վաճառքը մեկնարկել է դեկտեմբերի 14-ին: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն` Թիմ Կուկի ընկերությունը մտադիր է Ռիո դե Ժանեյրոյում Apple Store հիմնել, քանի որ երկրում դրանք բացակայում են:
Հատկանշական է, որ նախկինում ևս iPhone առևտրանիշի պատճառով Apple-ը ներգրավվել է դատական գործընթացներում: