Էրդողանի տեղակալը ներողություն է խնդրել քրդերից

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տեղակալ Հուսեյին Չելիքը ներողություն է խնդրել քրդերից Ուլուդերեում տեղի ունեցած սպանդի համար, հաղորդում է թուրքական Hurriyet-ը:

Հիշեցնենք, որ 2011թ. դեկտեմբերի 28-ին թուրքական F-16 ռազմական ինքնաթիռները ռմբակոծել էին թուրք-իրաքյան սահմանին գտնվող Ուլուդերե բնակավայրը, որի հետևանքով 34 խաղաղ քուրդ բնակիչներ էին սպանվել: Քրդերը չեն հավատում պաշտոնական Անկարայի այն պնդմանը, թե թուրքական կողմը PKK-ի զինյալների հետ շփոթելով է օդային հարված հասցրել: Թուրքիայի մեջլիսի «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդական կուսակցությունը Ուլուդերեի միջադեպի համար մեղադրում է Էրդողանին և ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինին: