Google-ը Սանտա Կլաուսին հետևելու ծառայություն է գործարկել

Google-ը Սանտա Կլաուսի տեղաշարժին հետևելու նոր ծառայություն է գործարկել` Santa Tracker, ասված է ընկերության բլոգում:

Santa Tracker-ի օգնությամբ հնարավոր կլինի իմանալ, թե որ քաղաքում է Սանտա Կլաուսը, ուր է շարժվում և որքան նվերներ է հասցրել բաժանել: Սանտայի գտնվելու վայրը տեսանելի է Google-ի քարտեզի վրա:

Google-ի պնդմամբ` ծառայությունը ստեղծվել է Սանտա Կլաուսի գրասենյակի «էլֆ-ծրագրավորողների» հետ համագործակցությամբ:

Այսպիսով` Santa Tracker-ը կդառնա Կլաուսին հետևելու ամենահայտնի` NORAD Tracks Santa ծառայության այլընտրանքը: NORAD-ը կառավարում է Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարությունը:

2004-2011 թթ. NORAD Tracks Santa-ի քարտեզագրական գործընկերը Google-ն էր: Սակայն 2012թ. NORAD-ը հրաժարվեց ընկերության հետ համագործակցությունից:

Մեկնաբանել