Քննչական ծառայությունը ստացել է Զուրաբյանի և Օսկանյանի դիմումները

Հատուկ քննչական ծառայությունն այսօր՝ ժամը 10:20-ին, ստացել է ՀՀ գլխավոր դատախազության ուղարկած՝ ԱԺ պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի գաղտնալսման վերաբերյալ դիմումները, հաղորդում է ՀՔԾ-ի պաշտոնական կայքը:

Նյութերի նախապատրաստումը հանձնարարվել է ՀՔԾ քննիչին:

Գրություններ են ուղարկվել ՀՀ ոստիկանապետին՝ համապատասխան մասնագետներ տրամադրելու, խումբ կազմելու նպատակով: Նախապատրաստվում են նյութեր:

Հիշեցնենք, որ պատգամավորների դիմումում, մասնավորապես, ասված էր. «Առաջարկում ենք մեր զրույցի ապօրինի գաղտնալսման և սոցցանցերում տեղադրման կապակցությամբ հարուցել քրեական գործ՝ հայտնաբերել և պատժել հանցագործության պատասխանատուներին: Կից ներկայացնում ենք այդ կապակցությամբ մեր կողմից արված հայտարարությունները»:

Նշենք, որ դեկտեմբերի 16-ին համացանցում էր հայտնվել Զուրաբյանի և Օսկանյանի զրույցի ձայնագրությունից մի հատված, որում պատգամավորները քննարկում են նախագահական ընտրություններում հավանական թեկնածուներին: Պատգամավորներն ավելի ուշ հանդես եկան հայտարարություններով` դատապարտելի և անօրինական համարելով մասնավոր զրույցի ձայնագրումն ու հրապարակումը: Լևոն Զուրաբյանը, մասնավորապես, մեղադրել էր ԱԱԾ-ին զրույցի գաղտնալսման և հրապարակման մեջ: ԱԱԾ-ն, իր հերթին, հերքել է իրեն ուղղված բոլոր մեղադրանքները:

Մեկնաբանել