ԵԱՀԿ-ի կողմից մրցանակներ՝ ԱԺ աշխատակիցներին

Ազգային ժողովում կայացել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի կողմից համատեղ հայտարարված հետազոտական աշխատությունների մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը. տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից:

ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացման օժանդակության ծրագրի շրջանակներում կազմակերպված մրցույթը, որին ԱԺ աշխատակիցների ներկայացրած հետազոտությունները նվիրված էին տարբեր ոլորտներում մի շարք հիմնախնդիրների լուծման քաղաքականության համեմատական վերլուծությանը, նպատակ ուներ խրախուսել և օժանդակել Ազգային ժողովում հետազոտական կարողությունների զարգացմանը, նպաստել իրավական կարգավորման տարաբնույթ հարցերի նկատմամբ միջազգայնորեն կիրառվող ժամանակակից սկզբունքների ու լավագույն մոդելների վերաբերյալ իրազեկության և ըմբռնման մակարդակի բարձրացմանը:

Ինչպես նշել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը՝ հետազոտական այս մրցույթն ԱԺ-ի եւ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի արդյունավետ համագործակցության լավագույն արդյունքներից է: Նրա խոսքով՝ մրցույթն ԱԺ աշխատակիցներին հնարավորություն է տվել զարգացնելու իրենց հետազոտական հմտությունները, որոնք հետագայում հնարավոր կլինի արդյունավետ կիրառել գործնական աշխատանքներում: Շնորհակալություն հայտնելով ԵԱՀԿ երեւանյան գրասենյակին նախաձեռնության և ԱԺ աշխատակիցներին՝ մասնակցության համար, Գուրգեն Դումանյանը վստահություն է հայտնել, որ նման արդյունավետ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ:

Շնորհավորելով մասնակիցներին՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը գոհունակություն հայտնեց, որ ավանդական դարձած այս մրցույթը հնարավորություն է տալիս խրախուսել և զարգացնել մտավոր աշխատանքն ու գործին ստեղծագործական մոտեցումը: Նրա խոսքով՝ սա հենց այն ռեսուրսն է, որով հատկապես հարուստ է Հայաստանը:

Մրցույթի մասնակիցների ներկայացրած աշխատանքներն անանուն ուղարկվել էին Կոպենհագեն, որտեղ գտնվում է ԵԱՀԿ ԽՎ քարտուղարությունը, վերջինիս աշխատակիցներն էլ որոշել են լավագույն հետազոտությունները: Անդրեյ Սորոկինը բարձր է գնահատել ներկայացված բոլոր աշխատանքներն էլ՝ նշելով, որ դրանք աչքի են ընկել իրենց վերլուծական բաղադրիչով, հարուստ, օգտակար տեղեկություններով: Նա մրցույթում հաղթած և աչքի ընկած աշխատանքների հեղինակներին շնորհել է դրամական պարգևներ ու նվերներ: Առաջին մրցանակին է արժանացել Ազգային ժողովի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի վարիչ Արամ Շաքարյանի և նույն բաժնի գլխավոր մասնագետ Արմեն Սիմոնյանի հեղինակած «Տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը խորհրդարանի աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով» վերլուծությունը: Նրանց է շնորհվել նաև «Լավագույն թիմային աշխատանք» մրցանակը՝ «Համեմատական վերլուծություն. փոքր և միջին ձեռներեցության խթանմանն ուղղված օրենսդրական բարեփոխումների հաջողված օրինակներ (առանձին ոլորտներում և համապարփակ)» աշխատանքի համար:

Շնորհավորելով հաղթողներին՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը հույս է հայտնել, որ գալիք տարի մրցույթին մասնակցությունը կլինի ավելի ակտիվ և արդյունավետ:

Մեկնաբանել