Էթիկայի հանձնաժողովները տարբեր երկրներում տարբեր կերպ են կառուցվում՝ կան մեկական անդամ բոլոր խմբակցություններից, կան՝ իշխանության և ընդդիմության հավասարության սկզբունքներով. մեր երկրի համար առաջին տարբերակը հարմար չէր. «Հ1» հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդման շրջանակում նշեց ՀՀ ԱԺ էթիկայի հանձնաժողովում իշխանության տեղերի ավելացման նախագծի համահեղինակ, «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ հանձնաժողովում հավասարակշռությունը խախտվեց, քանի որ «Բարգավաճ Հայաստան»-ն այլևս իշխանության մաս չէ: «Իսկ հիմա այս փոփոխությունները նախաձեռնեցինք, քանի որ ընդդիմության կողմից փորձ արվեց ճնշում գործադրել՝ օգտագործելով թվաքանակը»,- նշեց նա:
Հարությունյանին հակադարձեց «ՀՅԴ» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Երբ նախնական քննարկումների ժամանակ նշվում էր, թե «Բարգավաճ Հայաստան»-ը պիտի անպայման հայտարարի իր դիրքորոշման մասին, դուք, պարոն Հարությունյան, նույն ոգևորությամբ հավաստում էիք, որ կարող է չհայտարարել»,- հիշեցրեց նա: Մինասյանն ասաց նաև, որ այս փոփոխությունների նախագծի համաձայն՝ հանձնաժողովն ամբողջությամբ քաղաքականացվում է: «Հիմա այն քառակուսի անիվ է, որ այլևս չի աշխատի այնքան արդյունավետ, որքան կարողացել է աշխատել մինչ այս»,- նշեց նա:
Հարությունյանի խոսքով՝ ինքը ցավում է, որ չի մասնակցել ԱԺ-ում նախագծի քննարկումներին, և եթե մասնակցեր «որոշ հարցեր չէին հնչի», նա ասաց. «Իմ տպավորությունն այնպիսին էր, որ ձևավորվում է նոր ավանդույթ: Որ թեպետ մենք իշխանություն ու ընդդիմություն էինք, սակայն փորձ էր արվում էթիկայի հարցերում համաձայնության գալ: Հենց այդ համաձայնությունն էր, որ թույլ էր տալիս գալ ոչ այդքան քաղաքականացման: Մենք լավ էինք սկսել, ցավոք, շեղվեցինք ճանապարհից»: Հարությունյանը չհամաձայնեց «քառակուսի անիվ» բնորոշման հետ և հույս հայտնեց, որ հանձնաժողովն արդյունավետ կաշխատի երեք իշխանական և երեք ընդդիմադիր անդամներով: «Ելնելով հանձնաժողովի անդամների բնավորությունից՝ ես էլ կարծում եմ, որ այն արդյունավետ կաշխատի»,- հույս հայտնեց Մինասյանը:
Հաղորդման ավարտին հիշեցում կատարվեց, թե ինչն էր էթիկայի հանձնաժողովում իշխանության անդամների ավելացման՝ օրենսդրական փոփոխության հիմքում: Հարությունյանը համաձայն չէր եղել մյուս հանձնաժողովականների հետ մի հարցում, որն ընդունվել էր 4 «կողմ»-ով: Նա նիստը համարել էր «ապօրինի», կայացված որոշումը՝ «զուրկ իրավական հիմքից»: Մինասյանը «սխալ» որակեց Դավիթ Հարությունյանի գրավոր հայտարարությունը, որով հանձնաժողովի 4 անդամներով անցկացված քննարկումն ու կայացված որոշումը «ապօրինի» էր բնորոշված, իսկ Հարությունյանը նշեց. «Եթե նույնիսկ ես դեմ էի այդ դիմումին, իմ դեմ լինելը ոչինչ չէր փոխի, քանի որ մյուս 4-ը կողմ էին: Սակայն ինձ ձայն չտրվեց, ինձ զրկեցին խոսքի իրավունքից, և ես զրկվեցի իմ խոսքով հանձնաժողովի մյուս անդամների դիրքորոշումը փոխելու հնարավորությունից: Դա եմ համարել ապօրինի»: Մինասյանը չհամաձայնեց. «Դուք արտահայտել եք ձեր դիրքորոշումը, պարոն Հարությունյան, մեզ հայտնի էր Ձեր կարծիքը»,- հիշեցրեց նա: