Այսօր՝ ժամը 11։07-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արա գյուղ-Քուչակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոճանապարհը մերկասառույցի և մառախուղի հետևանքով առաջացած վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է, մոտ 200 ավտոմեքենա հայտնվել է խցանման մեջ:
Բախվել է 10 ավտոմեքենա, որի հետևանքով երկու քաղաքացիներ ստացել են թեթև մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Ապարանի բժշկական կենտրոն: ԱԻՆ-ից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: