Էթիկայի հանձնաժողովում քննվում է ՀԿ-ի դիմումն ընդդեմ պատգամավորի

Ազգային ժողովում քիչ առաջ մեկնարկել է Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի հերթական դռնփակ նիստը:

Օրակարգային հարցերի թվում է «Ռազմավարական մշակումներ կենտրոն» հասարակական կազմակերպության դիմումի քննության վերաբերյալ հարցը: Արդյունքում հանձնաժողովը պետք է կայացնի դիմումը վարույթ ընդունելու կամ մերժելու որոշում:

«Ռազմավարական մշակումներ կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Հրանտ Մելիք-Շահնազարյանի ստորագրությամբ լրատվամիջոցներում ավելի վաղ հրապարակված դիմումում հանձնաժողովին առաջարկվում է քննության առնել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի վարքագիծը` հիմք ընդունելով համացանցում հայտնված տեսանյութը:

Դիմումում նշված է, որ ըստ տեսանյութի` «ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը, անձամբ, այն էլ մեծ ոգևորությամբ, պատմում էր, որ հանդիսանում է տարածքների խոշոր սեփականատեր և շարքային բրոքերի նման հեռախոսով բանակցում էր վարձակալության պայմանների շուրջ, առաջարկում էր տարածքներ և ոչ միայն չէր թաքցնում իր ով լինելը, այլ անգամ նշում էր, որ ինքը «ճանաչված այր» է ու իր հետ համագործակցելը «շահավետ» կլինի»։