Լևոն Տեր-Պետրոսյանը թեկնածության մասին այսօր էլ չի հայտարարել

Հայոց համազգային շարժում կուսակցության հերթական` 17-րդ համագումարն այսօր սկսվել է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին «Լե-վոն, Լե-վոն» վանկարկումներով ողջունելով: ՀՀՇ վարչության ղեկավար Արամ Մանուկյանը նշել է, որ համագումարին քվորումն ապահովված է. հրավիրված է 636 պատվիրակ 40 կազմակերպություններից: Համագումարին եկել էին նաև այլ խորհրդարանական ուժեր` «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը և ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը:

ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, ողջունելով համագումարի մասնակիցներին, նկատել է, որ կարևոր է մնում մեկ հարց` ՀԱԿ-ն ինչ ձևաչափով է մասնակցելու նախագահական ընտրություններին: Հարցն այսօր էլ պատասխան չի ստացել:

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չի հայտարարել իր առաջադրվելու մասին: «Ես ձեզ այսօր հուսախաբ եմ անելու, չեմ ասելու: Ես դիմել եմ բոլոր գերտերություններին, մինչև նրանց հավանությունը չստանամ, չեմ կարող իմ պատասխանը տալ ձեզ: Խնդրում եմ մի-երկու օր էլ սպասել, բոլոր գերտերությունները նստած գլուխ են ջարդում, էդ ստրատեգիան են մտածում, ինձ ասել են՝ երկու օր սպասեմ»,- ժպիտով նշել է նա և հավելել, որ ոչ մի դրսի ուժ որևէ երկրում չի կարող նախագահ ստեղծել, եթե այդ ուղղությամբ զրոյից չի աշխատել:

Ըստ նրա՝ այսօր Հայաստանի առջև կան առավել հրատապ խնդիրներ, քանի որ որոշ ուժեր փորձում են պառակտել ազգը՝ բաժանելով այն արևմտամետների և ռուսամետների: «Մենք ոչ արևմտամետ պետք է լինենք, ոչ ռուսամետ, միակողմանի կողմնորոշումը որևէ ազգի դեռևս բարիք չի բերել: Դա ստեղծում է որոշ բարեկամներ, բայց ստեղծում է նաև բազմաթիվ թշնամնիներ: Հայաստանը քի՞չ թշնամիներ ունի, որ դրանց վրա ուզում ենք նոր թշնամիներ ավելացել»,- ասել է Տեր-Պետրոսյանը: