Արաբական գարնան ամբոխային հոգեբանությունը

Արաբական գարնան երկրներում կառավարությունները պետք է ձև գտնեն, որպեսզի քաղաքական հարցերը ոչ թե ամբոխների մեծությամբ որոշվեն, այլ քվեների քանակով: Այսպիսի տեսակետ է հայտնում INSEAD բիզնես դպրոցի Ինովացիոն քաղաքականության բաժնի տնօրեն Սամի Մահրումը Project-syndicate.org կայքում հրապարակած հոդվածում: Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև:

1896թ. հասարակագետ-հոգեբան Գուստավ լը Բոնն իր ժամանակակիցներին զգուշացնում էր ամբոխների վտանգի մասին՝ գրելով, որ «անհրաժեշտ է լուծում գտնել [ամբոխների] հոգեբանությամբ առաջ քաշվող խնդիրներին կամ էլ հրաժարական տալ ու կուլ գնալ ամբոխներին»: Արաբական աշխարհով մեկ ինքնաբուխ ընդվզումների՝ կազմակերպված քաղաքական շարժումներ դառնալուն զուգահեռ՝ Թունիսի, Եգիպտոսի և Լիբիայի նորաթուխ ժողովրդավարությունների առաջնորդները պետք է ուշադրություն դարձնեն Լը Բոնի զգուշացմանը:

Այն բանից հետո, երբ ամբոխները լցվեցին Թունիսի, Կահիրեի, Բենղազիի և արաբական այլ քաղաքների փողոցները՝ տապալելով տասնամյակներ իշխած վարչակարգեր, դիտորդներն ու վերլուծաբանները փորձում են հասկանալ՝ ուր է գնում Արաբական աշխարհը: Սակայն նրանք բոլորը գրեթե բացառապես կենտրոնացել են այդ իրադարձությունների քաղաքական կողմի վրա՝ ովքե՞ր են առաջնորդները, ու ի՞նչ են նրանց պահանջները:

Իսկապես, բողոքի ցույցերի շարունակականությունը, տարածումը և հաճախականությունը (որոնք իրենց արտահայտությունը գտան սեպտեմբերին, երբ Բենղազիում տեղացի զինյալները սպանեցին Լիբիայում ԱՄՆ-ի դեսպան Քրիստոֆեր Սթիվենսին), ցույց են տալիս այն դերը, որ խաղում է ամբոխների հոգեբանությունն ու մշակույթը Արաբական աշխարհի տրաեկտորիան որոշելու գործում: Տասնամյակների ավտորիտար կառավարումից հետո քաղաքացիները, դժգոհ վարկաբեկված ինստիտուտներից և քաղաքական կաթվածահար կուսակցություններից, իրենց քաղաքական դիմադրությունը կազմակերպելու համար սկսել են օգտագործել սոցիալական մեդիան:

Որպես արդյունք՝ Արաբական գարնան ազդեցությանը ենթարկված երկրներն այսօր առերեսվում են քաղաքական ոլորտների, որոնք ձևավորվում են ամբոխային դինամիկայով, քան թե իսկական քաղաքական կամ գաղափարախոսական շարժումներով: Իրոք, Արաբական աշխարհում այսօր տեղի ունեցող իրադարձությունների զգալի մասը կարելի է հասկանալ ամբոխներին ուսումնասիրելու միջոցով:

Ամբոխները կազմակերպությունների հակապատկերն են. դրանք ոչ թե ղեկավարվում են հստակ հիերարխայի ձևով, այլ հաճախ՝ պաշտոնական որևէ աստիճան չունեցող անհատների կողմից: Եվ, ի տարբերություն քաղաքական շարժումների, ամբոխները հակված են ձևավորվել արագ և օրգանական, այնպես, ինչպես սև ամպերն են կուտակվում ամպրոմ առաջացնելու համար: Եվ ամբոխների նպատակներն անհապաղ են՝ շրջապատել ոստիկանության այս կետը, գրավել այն նախարարությունը և այլն: «Ամբոխների քաղաքականությունում» հաճախ հույզերը գերազանցում են նպատակներին:

Ամբոխների քաղաքականության փորձառությամբ Լիբանանը թերևս արաբական առաջին երկիրն էր: 2005թ. փետրվարին, երբ Ռաֆիկ Հարիրին սպանվեց, քաղաքական տարբեր կուսակցությունների կողմից ղեկավարվող ամբոխները լցվեցին Բեյրութի կենտրոնի Նահատակների հրապարակը:

Սակայն չկազմակերպված ամբոխներն աստիճանաբար մարեցին՝ վերաճելով կառուցվածքային խմբերի, որոնք դարձան լիբանանյան քաղաքականությունը որոշող ուժ:

Լիբանանյան քաղաքականությունն ի հայտ է բերում ամբոխների հոգեբանության և քաղաքական էլիտաների նպատակների միջև հակասությունը՝ կոնֆլիկտ, որը կարելի է տեսնել նաև Եգիպտոսի Թահրիրի հրապարակում, Թունիսի Սիդի Բուզիդում, Լիբիայում, որտեղ ամբոխները վերջին մի քանի ամիսներին մի քանի անգամ գրոհել են խորհրդարանի շենքը: Այդ հակասությունը սպառնում է այս երկրների զարգացող ժողովրդավարական գործընթացներին, ինչի պատճառը, ինչպես Լը Բոնն էր ասում, «ամբոխների ինքնիշխանության» և քաղաքական էլիտաների ինքնիշխանության միջև մրցակցությունն է:

Այս պայմաններում Արաբական գարնան երկրներին սպառնացող իրական մարտահրավերը, առնվազն կարճաժամկետ առումով, ոչ թե գաղափարախոսական է, այլ ինստիտուցիոնալ: Կառավարությունները պետք է ձև գտնեն, որպեսզի փոքր խմբերին թույլ չտան ամբոխների էֆեկտն օգտագործել որպես քաղաքական կապիտալ, երբ ամբոխների մեծությունն է որոշիչ լինում և ոչ թե քվեների քանակը: Սակայն ժողովրդավարական ավանդական ինստիտուտները, ինչպես օրինակ՝ քաղաքական կուսակցությունները, խորհրդարանները, խորհրդակցական կոմիտեները, փորձ չունեն նման մարտահրավերներից գլուխ հանելու գործում:

Սոցիալական մեդիան և՛ խնդրի, և՛ դրա լուծման մասն է: Ի տարբերություն 1980-ականների վերջի և 1990-ականների սկզբի Արևելյան Եվրոպայի՝ Արաբական գարնան ամբոխները մինչև փողոց դուրս գալը ձևավորվել էին ինտերնետում. նմանօրինակ առաջին շարժումը: Արաբական գարունը, որ հետևեց 2009թ. Իրանի Կանաչ շարժմանը, ազդարարեց iCrowds-ի դարաշրջանը՝ հրապուրված, համախմբված և կազմակերպված սոցիալական մեդիայի կողմից:

Սակայն սոցիալական մեդիան արդյունավետ կերպով կարող է օգտագործվել նաև ժողովրդին դեմոբիլիզացնելու համար՝ նվազեցնելով քաղաքական ղեկավարության և զանգվածների հոգեբանության և ուժի միջև անջրպետը: Երևան եկող քաղաքական դասակարգը պետք է բարելավի iCrowd-ի մասին իր գիտելիքը և սովորի օգտվել Ֆեյսբուքի, Թվիթերի, Յութուբի, բլոգների, հավելվածների և տեքստային հաղորդագրությունների նման գործիքների ուժից:

Միացյալ Նահանգներում նախագահ Բարաք Օբամայի նախընտրական քարոզարշավի ժամանակ օգտագործվեց այս հնարավորությունը, և սոցիալական մեդիան լայնորեն կիրառվեց քաղաքական մեսիջները տարածելու, աջակիցներին խանդավառելու և համախմբելու համար: Արդեն վերընտրված Օբաման նախաձեռնեց White House app-ը, որը նախատեսված է քաղաքացիներին նոր միջոց տալ Վաշինգտոնում իրենց առաջնորդների հետ կապվելու, վերջին իրադարձություններին, վարչակազմի նախաձեռնություններին տեղեկանալու և օգտվելու համար, ինչպես նաև Սպիտակ տանը բարձր կետայնությամբ լուսանկարներ ներբեռնելու և ուղիղ միացումներին հետևելու համար:

Մասնավոր ձեռնարկությունները նույնպես շահում են iCrowd-ի քաղաքականությունից: INSEAD-ի հետազոտողներ Քույ Հույը և Էնդրյու Շիպիլովն իրենց հետազոտությունում ցույց են տվել, որ բիզնեսի այն առաջնորդները, ովքեր օգտագործում են սոցիալական մեդիան, իրենց աշխատակիցների շրջանում ստեղծում են այսպես կոչված «էմոցիոնալ կապիտալը»: Դա առաջնորդներին օգնում է մարդկային կապեր պահպանել մարդկանց մեծ խմբի հետ՝ չնայած նրանց իրավասությունների միջև տարբերություններին՝ միաժամանակ աշխատակիցների համար հեշտացնելով կազմակերպության հետ նրանց նույնականացումը:

Արաբական աշխարհի քաղաքական նոր էլիտաների համար դասը հստակ է՝ ամբոխների դինամիկան չի կարող արհամարհվել: Ավելի մանրամասն դիտարկելու դեպքում սոցիալական մեդիան կարող է թարգմանվել որպես ամպրոպի մասին ազդարարող ամպեր: Եթե դրանք ճիշտ ժամանակին նկատվեն, լուծումներ կգտնվեն խրոխտ այդ ամպերը ցրելու համար, քանի դեռ դրանք չեն հեղեղել փխրուն ինստիտուտները:

Մեկնաբանել