Միջավայր կերտող արվեստագետը

Նկարիչների գերդաստանից է Էդուարդ Կարսյանը: Նկարիչներ են եղել նրա ծնողները, ճարտարապետ-դիզայներ է եղբայրը՝ Լևոն Կարսյանը: Ինքն էլ, ժամանակին ավարտելով Մոսկվայի բարձրագույն գեղարվեստա-արդյունաբերական ակադեմիայի կամ, ինչպես նախկինում էր կոչվում, Ստրոգանովյան ուսումնարանի մոնումենտալ-դեկորատիվ արվեստի բաժինը, երկար տարիներ աշխատել է Ռուսաստանում, որմնանկարներ արել տարբեր քաղաքներում։

Վերադառնալով Երևան՝ Էդուարդն իր շնորհքն ու գիտելիքները ներդրեց մեր մայրաքաղաքի ձևավորմանը՝ գործակցելով մոնումենտալիստ Զոհրաբ Միրզոյանի հետ: Նրանց համատեղ աշխատանքներից հիշատակենք նախ՝ Հանրապետական հիվանդանոցի դահլիճի արտաքին ճակատամասը՝ քանդակագործ Օհան Պետրոսյանի մասնակցությամբ: «Վերածնունդ» կոչվող այդ կոմպոզիցիան, որ զբաղեցնում է 600 քմ մակերես, մարդկային կյանքի գեղարվեստական յուրօրինակ իմաստավորում և բարձրաքանդակի ու խճանկարի գեղեցիկ համադրություն է։

Արվեստագետի ստեղծագործական կենսագրության մեջ, սակայն, նոր սկիզբ նշանավորեց 1986-ը, երբ նա հրավիրվեց Հունգարիայի Կեչկեմետ քաղաք: Քաղաքում տարիներ ի վեր գործում է Արծնանկարիչների միջազգային կենտրոն, ուր աշխարհի տարբեր կողմերից հավաքվում են արվեստագետներ և հաղորդակից դառնում արվեստի այդ ճյուղի գաղտնիքներին: Էդուարդը, մեկ անգամ առնչվելով արվեստի հիշյալ ճյուղին, սիրեց այն և որոշեց նվիրվել արծնանկարչությանը։ Այնուհետ նա բազմիցս հրավիրվեց Հունգարիա, ապա այդ բնագավառում ստեղծած իր գործերը սկսեց ցուցադրել Ֆրանսիայի Լիմոժ քաղաքում և արծնի միջազգային տարբեր ցուցահանդեսներում։

Ի՞նչ է արծնանկարչությունը: Ոսկե, արծաթե կամ հիմնականում պղնձյա թերթիկների վրա դրվում է համապատասխան գույնը և մտցվում հատուկ վառարան: Վերջինիս մեջ, կախված թրծման տևողությունից, ստացվում են գույների տարբեր երանգներ: Տարիներ են պետք սովորելու և կիրառելու համար այս ամենը: Ի տարբերություն խեցեգործության, երբ թրծվում է ամբողջական պատրաստի արդյունքը, այս դեպքում ամեն գույն տարբեր ջերմաստիճանի տակ է թրծվում: Հարկ է պահպանել և՛ տեխնոլոգիան, և՛ միաժամանակ չկորցնել գեղարվեստական արտահայտչականության պահը: Թերևս սա է գլխավոր պատճառը, որ առանձնապես շատ չեն արծնանկարչությամբ զբաղվողները մեզ և ոչ միայն մեզ մոտ:

Ի դեպ՝ մեր հայրենակից արծնանկարիչը չգնաց միջնորմների միջոցով գույներն իրարից զատելու ավանդական ճանապարհով, այլ որոշեց օգտագործել գույների ստացման այսպես կոչված «ազատ» եղանակը՝ ինչ-որ տեղ դիմելով ստեղծագործական համարձակության: Հետևողականորեն գործածելով այս եղանակը՝ նկարիչը հասավ շոշափելի արդյունքների: Տեխնիկական նրբերանգների բացահայտման շնորհիվ նա սկսեց վեր բարձրանալ դեկորատիվությունից՝ աշխատանքը հագեցնելով ստեղծագործականությամբ և հասնելով ակնհայտ գեղանկարչականության:

Անդրադառնալով Էդուարդի գեղանկարչությանը՝ ասենք, որ նա շարքերով «մտածող» հեղինակ է: Առանձնացնենք հատկապես դարչնագույնի տարբեր երանգներով արված «Հիշողություններ» շարքը, դեպի Ֆրանսիա, Իտալիա, ԱՄՆ, Ավստրիա, Հունաստան և այլ երկրներ կատարած ճամփորդություններից ծնված տպավորություններն ընդգրկող նրա կտավները:

Չնայած աշխարհի տարբեր քաղաքներում (Փարիզ, Հռոմ, Լոս Անջելես, Նյու Յորք և այլն) ցուցադրվելու հանգամանքին՝ արվեստագետը մինչ այս տարի չէր ունեցել անհատական ցուցահանդես Երևանում: Ուստի շատերի համար հայտնություն դարձավ այս տարվա ապրիլին նրա հետահայաց ցուցահանդեսը «Կալենց» թանգարանում՝ նվիրված նկարչի ծննդյան 70-ամյակին: Այն ներառում էր տարբեր ժանրի աշխատանքներ՝ գեղանկար, գրաֆիկա, արծնանկարչություն, մոնումենտալ արվեստ և ինտերիերի դիզայն: Շատ-շատերը հենց այդ առիթով տեղեկացան Էդուարդ Կարսյանի հեղինակած բազմաթիվ հասարակական շինությունների ու ժամանցի հաստատությունների ներսույթների (ինտերիեր) ձևավորման մասին:

Այդ շատերի մեջ ես էլ կայի: Տարիներ առաջ էի տեսել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան տպավորիչ ինտերիերը՝ առանց իմանալու, որ դրա հեղինակը մեր հայրենակիցն է: Արդ. ինչո՞վ են հատկորոշվում Էդուարդ Կարսյանի բազմաբնույթ ձևավորումները:

Իհարկե, նախ և առաջ նրբաճաշակությամբ, հնի ու նորի, պատմականի ու ժամանակակցի, լույսուստվերի, սառը ու տաք գույների ներդաշնակ համադրությամբ և, ի վերջո, ստեղծագործական անսպառ երևակայությամբ: Խորապես մտածված ու մշակված է շենքի ներսույթի յուրաքանչյուր մանրամասն, ամեն մի մակերևույթ ու անկյուն: Զարմացնում ու հիացնում են գեղեցիկի ու նպատակահարմարի զուգակցման վարպետությունը և մակերևույթների տոնայնության ու շինանյութի ճիշտ ընտրությունը:

Թվենք մի քանիսը Էդուարդ Կարսյանի ղեկավարած Ինտերիերների նախագծման արվեստանոցի աշխատանքներից՝ «Նաիրի» կինոթատրոն, «Մարկո Պոլո», «Կիլիկիա», «Դալի» ռեստորաններ, «Ջրաշխարհ», «Սայաթ Նովա» համալիրներ և այլն: «Կարսյանի կողմից իրականացված ռեստորանային ինտերիերներում առանձնապես ուշադրություն է դարձվել դրամատիկ՝ թատերականացված միջավայրի ստեղծմանը»,– գրում է ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Քերթմենջյանը:

Իրոք, համապատասխան միջավայրեր կերտելու անուրանալի շնորհք ունի Էդուարդը: Դրանք գեղարվեստորեն հագեցած ու ճաշակով ձևավորված տարածություններ չեն միայն: Դրանցում առկա է նաև հոգուն հագուրդ տվող մի մթնոլորտ, որը թերևս ամենաբարդն է նման աշխատանքներ իրագործելիս:

Անշուշտ, այդ նախագծերը կյանքի կոչելու համար ամբողջական թիմ է հարկավոր, տարբեր արվեստների ու արհեստների տիրապետող մասնագիտական մի մեծ խումբ: Չէ՞ որ դրանցում իրենց մասնակցությունն են բերում ճարտարապետն ու նկարիչ-դեկորատորը, քանդակագործն ու փայտափորագրիչը, մետաղագործն ու գիպսային աշխատանքների վարպետը: Ամիսների, չասելու համար տարիների, նախապատրաստական երկարատև աշխատանք է անհրաժեշտ նման նախագծեր իրականացնելու ճանապարհին: Էդուարդ Կարսյանին օգնում են թե՛ համբերությունը, թե՛ բծախնդրությունը և թե՛ աշխատանքի երկարամյա փորձը:

Բնականաբար. նաև գիտելիքներն են լավագույն խորհրդատուն: Անհնար կլիներ կերտել Կիլիկյան Հայաստանի մթնոլորտը («Կիլիկիա» ռեստորան)՝ առանց ուսումնասիրելու Հայկական Կիլիկիայի պատմությունը, ժամանակաշրջանն ու ճարտարապետությունը: Նույնը «Մարկո Պոլոյի» պարագայում, կամ «Շերլոկ Հոլմս» բար-սրճարանը, որտեղ առկա բրիտանական կոլորիտը սկսվում է արդեն աղյուսաշեն մուտքից՝ Շերլոկ Հոլմսի պղնձաձույլ հարթաքանդակից և շարունակվում ներսում՝ փայտակերտ խոր լուսամուտներով ու ապակեպատ միջնապատերով:

Ապակենկարների (վիտրաժ) հարստությամբ ու գունավառ առաստաղով է առանձնանում «Սայաթ Նովա» համալիրի «Ամազոն» սրճարանը, իսկ «Ջրաշխարհը» զարմացնում է ծովային մի ողջ ստորջրյա թագավորություն ներկայացնելու արվեստով:

Դժվար է ասել, թե ուրիշ ինչ նորամուծություններով մեզ կհիացնի նկարիչ-դիզայներ Էդուարդ Կարսյանը: Պարզ է մի բան. նրա արածն արդեն նոր խոսք է հայ ինտերիերային արվեստի բնագավառում:

Մեկնաբանել