Ամերիկացիները պահանջում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ներառել «Մագնիտսկիի ցուցակում»։ Սպիտակ տան կայքում այսպիսի պահանջով խնդրագիրը ստորագրել է արդեն ավելի քան 7 հազ․ մարդ, հաղորդում է ռուսական «Կոմերսանտ» թերթը։
«Ռուսաստանի նախագահը «Մագնիտսկիի ակտի» պատասխան օրենքը կդիտարկի նրա՝ Դաշնության խորհրդի հավանությունը ստանալուց հետո։ Մենք ցանկանում ենք, որ պարոն Օբաման պարոն Պուտինի նկատմամբ սահմանի պատժամիջոցներ, եթե նա ստորագրի այդ օրենքը»,- ասված է խնդրագրում, որը Սպիտակ տան պաշտոնական կայքում տեղադրվել է դեկտեմբերի 23-ին։ Այս պահի դրությամբ խնդրագիրը ստորագրել է 7428 մարդ։ Որպեսզի խնդրագիրն ուղարկվի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դիտարկմանը, մինչև հունվարի 22-ը այն պետք է ստորագրի 25 հազ․ մարդ։
Նշենք, որ անցած շաբաթվա վերջին ԱՄՆ-ի վարչակազմի կայքում տեղադրվել է ևս մի խնդրագիր, որի պահանջն է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի Պետդումայի պատգամավորների նկատմամբ, որոնք կողմ են քվեարկել ամերիկացիների կողմից ՌԴ-ից երեխաների որդեգրման արգելքին։ Փաստաթուղթը ստորագրել է արդեն ավելի քան 25 հազ․ մարդ, ինչը պարտադիր է դարձնում Սպիտակ տան կողմից նրա դիտարկումը։ Ռուս պատգամավորները նախազգուշացրել են, որ նախաձենությունը սպառնում է «դիվանագիտական հարաբերությունների խզման եզրին սկանդալով»։ Ռուս փորձագետները, այդուհանդերձ, վստահ են, որ Օբամայի վարչակազմը այդչափ կոշտ որոշումներից զերծ կմնա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում դեկտեմբերի սկզբին ընդունվեց «Մագնիտսկիի ակտը», որը այցագրային և ֆինանսական սահմանափակումներ է նախատեսում ռուս պաշտոնյաների նկատմամբ, որոնք ամերիկացի օրենսդիրների կարծիքով՝ կապ ունեն Hermitage Capital հիմնադրամի իրավաբան Սերգեյ Մագնիտսկիի մահվան և մարդու իրավունքների այլ խախտումների հետ։
Ի պատասխան՝ Պետդուման անցյալ շաբաթ ընդունեց «Դիմա Յակովլևի օրենքը», որը Ռուսաստանի պատասխանն է «Մագինտսկիի ակտին» և սահմանում է ռուս երեխաների որդեգրման արգելք ԱՄՆ-ի քաղաքացիների համար։