«Բորժոմիի» վերահսկիչ փաթեթը գնում է «Ալֆա-գրուպը»

Վրացական «Բորժոմի» հանքային ջրերի արտադրող IDS Borjomi ընկերության համասեփականատեր կդառնա ռուս հայտնի գործարար Միխայիլ Ֆրիդմանին պատկանող «Ալֆա-գրուպը», հաղորդում է ռուսական «Կոմերսանտը»: Բադրի Պատարկացիշվիլիի ժառանգներին կշարունակի պատկանել ընկերության փոքրամասնական բաժնեմասը:

IDS Borjomi-ի վերահսկիչ փաթեթի վաճառքի գործարքը հնարավոր է փակվի մինչ այս տարվա վերջ: Գործարքի արժեքը կարող է կազմել $300 մլն:

Վերահսկիչ փաթեթը մի քանի հավակնորդներ է ունեցել, սակայն հայտամրցույթում, ըստ «Կոմերսանտի», հաղթել է «Ալֆա-գրուպը»:

«Ալֆա-գրուպում» թերթին տեղեկացրել են, որ գործարքը դեռևս չի կայացել՝ հրաժարվելով ներկայացնել այլ մանրամանսեր: Թերթի՝ գործընթացին մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ ներկայում ստորագրվել է միայն կողմերի մտադրության մասին համաձայնագիր, քանի որ գործարքը իր կառուցվածքով բավական բարդ է, և դրա համար զգալի ժամանակ կպահանջվի:

Ինչպես IDS Borjomi-ում, այնպես էլ «Ալֆա-գրուպում» հրաժարվել են նշել ռուսական ընկերությանն անցնող բաժնեմասի հստակ ծավալը: Ըստ թերթի՝ վրացական ընկերությունը կշարունակի վերահսկել 15-30% բաժնեմասը:

IDS Borjomi-ն շշալցման գործարաններ ունի Վրաստանում և Ուկրաինայում: Հիմնական ապրանքանիշերն են «Բորժոմի», «Միրգորոդսկայա» և «Մորշինսկայա» հանքային ջրերը: Ընկերության ֆինանսական ցուցանիշները չեն հրապարակվում: Շուկայի խաղորդների գնահատամամբ՝ IDS Borjomi-ի տարեկան շրջանառությունը կազմում է $200-250 մլն:

Մեկնաբանել