­Շա­բո­յա­նը գե­րա­զան­ցեց նա­խորդ­նե­րին

Շաբոյանը
գերազանցեց նախորդներին
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանի խոսքով՝ հանձնաժողովի ընդունված որոշումների արդյունքում այս տարի նշանակվել է Դ244 մլն-ի տուգանք, այն դեպքում, երբ նախորդ տարիներին դրանց ծավալը չի գերազանցել Դ10 մլն-ը։

Երեկ ներկայացնելով 2012թ. գործունեության արդյունքները՝ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարեց, որ այս տարի հանձնաժողովի կողմից պատասխանատվություն սահմանող 214 որոշում է ընդունվել՝ նախորդ տարիներին կայացված 25-ի փոխարեն։ Արդյունքում այս տարի նշանակվել է Դ244 մլն-ի տուգանք։ Համեմատության համար՝ նախորդ տարիներին տուգանքների մեծությունը չի գերազանցել Դ10 մլն-ը։

Շաբոյանի կողմից նշվող «նախորդ տարիների» ցուցանիշը, ըստ ՏՄՄՊՀ գործունեության ամփոփ ցուցանիշների տեղեկանքի, վերաբերում է 2009թ., երբ հանձնաժողովի նախագահ էր Աշոտ Շահնազարյանը (մինչև հոկտեմբերի 26-ը)։

Հանձնաժողովի կայքից երեկ այդպես էլ հնարավոր չեղավ ներբեռնել 2009թ. գործունեության հաշվետվությունը, սակայն 2008թ. հաշվետվության տվյալների և ասուլիսի ընթացքում լրատվամիջոցներին բաժանված տեղեկանքում նշվող տվյալների միջև առկա են լուրջ շեղումներ։

Այսպես, ըստ տեղեկանքի՝ 2008թ. ՏՄՊՊՀ-ն ընդունել է պատասխանատվության միջոց սահմանելու 31 որոշում, որոնց արդյունքում նշանակվել է Դ9 մլն-ի տուգանք։ Այնինչ «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2008թ. գործունեության» հաշվետվությունում նշվում է, որ 2008թ. հանձնաժողովի կողմից ընդունված տուգանք սահմանող 14 որոշումների հիման վրա տնտեսավարող սուբյեկտներից գանձման ենթակա ընդհանուր գումարը կազմել է Դ327,9 մլն։

ՏՄՊՊՀ-ում, ՍիվիլՆեթին պարզաբանելով տուգանքների չափերի այս շեղումը, նշեցին, որ 2008թ. հանձնաժողովը երկու տնտեսավարողների՝ «ԱրմենՏելի» և «Դվին Հոլդինգի» նկատմամբ նշանակել է խոշոր ծավալի տուգանքներ, սակայն ընկերությունները որոշումները բողոքարկել են դատարանում, որը և չեղյալ է հայտարարել դրանք։

Սպառողներին չեն ապակողմնորոշել
Երեկ Շաբոյանը չհամաձայնեց դիտարկմանը, թե հանձնաժողովը սպառողներին մոլորության մեջ է գցել ու առանձին տնտեսավարողների գործարար համբավին հարված հասցրել, երբ երշիկի շուկայում կատարված ուսումնասիրությունների արդյունքներով 21 տնտեսավարողներին տուգանք նշանակելիս հայտարարում էր, որ որոշ դեպքերում երշիկի մեջ մսի պարունակությունը չի գերազանցել 16%-ը՝ չհստակեցնելով ո՛չ երշիկ արտադրող ընկերության անունը, ո՛չ էլ երշիկի տեսակը։

Ըստ Շաբոյանի՝ երշիկի շուկայի ուսումնասիրությունը մեծածավալ է եղել, շատ է եղել նաև իրավախախտ կազմակերպությունների թիվը, ուստի հանձնաժողովը չէր կարող առանձին-առանձին անդրադառնալ դրանց։ «Մենք, սակայն, հստակ նշել ենք, որ սա այն խախտումներն են, որոնք բացահայտվել են։ Ինչ վերաբերում է, թե կոնկրետ որ տնտեսավարողի մոտ ինչ խախտում է հայտնաբերվել, ապա հրապարակային նշվել է։ Որոշումները տեղադրվում են կայքում, որպեսզի և՛ սպառողները, և՛ տնտեսավարողները, որոնք մտահոգվում են, տեսնեն այդ ընկերությունների խախտումները»,– ասաց Շաբոյանը։

ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ ուսումնասիրությունների ժամանակ որակի խնդիր չի դրվել։ «Մենք պատասխանատու չենք որակի, սննդի անվտանգության համար։ Խնդրին մենք վերաբերվել ենք մրցակցության տեսակետից, սպառողներին մոլորեցնելու տեսակետից։ Մենք չենք ասում՝ այս երշիկը լավն է կամ վատն է, մենք որակական գնահատական չենք տալիս։ Ինչ վերաբերում է 16% մսի պարունակությանը, ապա պարզ հաշվարկ է կատարվել. տնտեսավարողներից պահանջվել է՝ որքան երշիկ է արտադրվել, պահանջվել են բաղադրությունները, թե կոնկրետ ինչ է օգտագործվել, ինչ քանակության։ Այդ ցուցանիշները բաժանել ենք և ստացել 16%-ը»,– ասաց Շաբոյանը։

Դեկտեմբերի 10-ին ՏՄՊՊՀ նիստում հրապարակվել էին երշիկեղենի շուկայում ուսումնասիրության արդյունքները։ Անբարեխիղճ գործունեության համար տուգանվել էր 21 տնտեսավարող։ Հրապարակվել էին անգամ ընկերությունների անունները։ Նիստից հետո ՏՄՊՊՀ նախագահ Շաբոյանը ասել էր, թե կատարված լայնածավալ ուսումնասիրության ընթացքում ի հայտ են եկել մի շարք օրենսդրական բացեր։ «Որոշ դեպքերում երշիկի մեջ մսի պարունակությունը չի գերազանցում 16%-ը, ինչը քիչ քանակություն է»,– նշել էր Շաբոյանը։ Մյուս կողմից՝ մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգով սահմանված չէ, թե որքան պետք է լինի մսի պարունակությունը երշիկեղենում, կամ ինչ բաղադրիչներ թույլատրելի չեն արտադրությունում։

Չհստակեցնելով նման մսամթերք արտադրող ընկերությունների անունները՝ Շաբոյանն ըստ էության Ամանորի նախաշեմին անուղղակի ձևով սպառողներին «կողմնորոշել» է չօգտվել այդ ընկերությունների արտադրանքից։

Մեկնաբանել