Էլեկտրատեխնիկա արտադրող շվեդական Ericsson ընկերությունը դատական հայց է ներկայացրել հարավկորեական Samsung Electronics-ի դեմ, հաղորդում է Reuters-ը:
Samsung Electronics-ը մեղադրվում է Ericsson-ի մի շարք պատենտների խախտման մեջ: Վերջինս ԱՄՆ-ի Առևտրի միջազգային կենտրոնի (International Trade Centre) հանձնաժողովից պահանջում է արգելել Samsung-ի որոշ սարքավորումների ներկրումն ԱՄՆ:
Apple-ի հետ դատական գործընթացներում թրծված Samsung-ը Ericsson-ի դեմ հակընդդեմ հայց է ներկայացրել, որով շվեդներին մեղադրում է իր 7 պատենտների խախտման մեջ և պահանջում արգելել Ericsson-ի որոշ սարքավորումների վաճառքն ԱՄՆ-ում:
Samsung-ի ներկայացուցիչների խոսքով` իրենք փորձել են մինչդատական կարգով համաձայնության գալ շվեդ արտադրողների հետ, սակայն Ericsson-ի «անհիմն մեղադրանքները» խափանել են բանակցությունների ընթացքը:
Հատկանշական է, որ վերջին եռամսյակում Ericsson-ի վաճառքները կրճատվել են 17%-ով: Փորձագետների գնահատմամբ` շվեդներն այսպիսով փորձում են բարելավել իրենց նյութական դրությունը` հարավկորեացիների հաշվին: