Չինաստանում կստիպեն ինտերնետից օգտվել անձնագրով

Լսարանի մասշտաբներով աշխարհի խոշորագույն ինտերնետ շուկայի՝ Չինաստանի կառավարությունը հնարավոր է՝ օգտագործողներից օրենսդրորեն պահանջի ներկայացնել իրենց իրական անուններն ու անձնական այլ տվյալներ ինտերնետ կապի պրովայդերների հետ պայմանագիր կնքելիս, հաղորդում է չինական «Սինհուա» գործակալությունը։

Համաձայն գործակալության՝ Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի հանձնաժողովն այս շաբաթ կքննարկի օրինագիծը, որն ինտերնետ օգտագործողներից կպահանջի ներկայացնել իրենց իրական անունները՝ մալուխային և շարժական ինտերնետ կապի մատչում ստանալու համար։

Եթե առաջարկված նախագիծը հավանություն ստանա, այն կդառնա ինտերնետի մատչման վերահսկման մասին երկրորդ խոշոր օրենքը, որը Չինաստանը կընդունի 2000-ից ի վեր․ այդ ժամանակ երկրի ղեկավարությունն ընդունել էր օրենք ինտերնետի անվտանգության ապահովման մասին, գրում է «Սինհուան»։

Միաժամանակ օրինագիծը մտավախություն է առաջացնում, որ Չինաստանը որոշել է խստացնել գրաքննությունը ինտերնետում, նշում է Bloomberg-ը։ Հիշեցնենք, որ լայն տարածում ունեցող ամերիկյան ռեսուրսների մեծ մասի՝ Facebook-ի, Twitter-ի, YouTube-ի, Flickr-ի, Live.com-ի, WordPress-ի, Blogger-ի, մատչումը Չինաստանում արգելված է, թեև երկրի շատ բնակիչներ օգտագործում են ծառայությունները՝ շրջանցելով պետական արգելքը։

Չինաստանը «ինտերնետի թշնամի» պետությունների տասնյակում է՝ ըստ «Լրագրողներն առանց սահմանների» կազմակերպության իրավապաշտպանների։ Տեսականորեն, եթե տեղի ինտերնետային ընկերություններից որևէ մեկը խախտի իշխանությունների սահմանած կանոնները կամ չհամաձայնի նրանց հետ համագործակցել, կայքը կարող է փակվել կամ մերժում ստանալ արտոնագրի երկարացման հարցում։

Սահմանափակումներ են դրվում նաև արևմտյան տարածված ծառայությունների տեղական «կլոնների» վրա։ Մասնավորապես՝ Sina ինտերնետային ընկերությունը շուկայի կարգավորիչների խիստ ուշադրության կենտրոնում է, քանի որ նրան պատկանող Weibo ռեսուրսը դարձել է նորությունների ու կարծիքների հեղինակավոր աղբյուր, այդ թվում՝ Չինաստանի իշխանությունների քաղաքական որոշումների մասին։ Այս տարվա մարտից Weibo-ի օգտագործողները, որոնք գրանցման ձևում չեն մատնանշել իրենց իրական անուններն ու ազգանունները, ինչպես նաև անձնագրային տվյալներ, զրկված են միկրոբլոգներում փոսթեր հրապարակելու հնարավորությունից։

Մեկնաբանել