Արաբական գարնան էվոլյուցիան

Ռուսական «Կոմերսանտ» թերթի վերլուծաբան Մաքսիմ Յուսինն ամփոփել է 2012թ Արաբական գարնան զարգացումները՝ նշելով, որ այն այս տարի ենթարկվել է լուրջ էվոլուցիայի, ընդ որում՝ գրեթե ամենուրեք։ Նոր հեղափոխություններ տեղի չեն ունեցել, փոխարենը բոլոր երկրներում, որոնցում 2011թ տեղի էր ունեցել վարչակարգի փոփոխություն, նկատվում է միևնույն միտումը՝ հասարակության իսլամացում։

Արաբական հեղափոխությունները ժողովրդավարական ու ազատական եղան միայն խոսքով։ Գործնականում դրանք դարձան իսլամական՝ այս կամ այն աստիճանով՝ կախված երկրի առանձնահատկությունից։

Առավել ապշեցուցիչ փոփոխություններ տեղի ունեցան Եգիպտոսում։ Մուսուլման արմատականների դեմ պայքարող Հոսնի Մուբարաքին փոխարինեց իսլամիստ նախագահ Մուհամադ Մուրսին՝ զարմանալիորեն հեշտությամբ երկրի կառավարումից հեռացնելով աշխարհիկ հիմքերի երաշխավոր համարվող բանակին։ Նոր Սահմանադրությունը, որը մշակել են «Մուսուլման եղբայրների» իսլամիստներն ու էլ ավելի արմատական սալաֆիականները՝ իսլամում ամենապահպանողական ուղղություններից մեկի հետևորդները, ընդունվեց հանրաքվեում՝ չնայած աշխարհիկ ընդդիմության ու Եգիպտոսի բնակչության մոտ 10%-ը կազմող քրիստոնյա ղպտիների բողոքի ցույցերին։

Ամբողջ հասարակության վզին փաթաթելով շարիաթի նորմերը՝ նախագահ Մուրսին փաստացի պառակտել է երկիրը։ Վերջերս տեղի ունեցած բողոքի զանգվածային ցույցերի ժամանակ Եգիպտոսը հայտնվել էր քաղաքացիական պատերազմի շեմին։ Պետության ղեկավարի տասնյակ հազարավոր հակառակորդներ ու կողմնակիցներ միմյանց դեմ էին դուրս եկել․ պաշտոնական տվյալների համաձայն՝ զոհվեց յոթ մարդ և ավելի քան 350-ը ստացան վնասվածքներ։ Միայն մայրաքաղաքում զրահատեխնիկայի տեղակայումը կանխեց փողոցային մարտերը։

Այդուհնադերձ, չկա ոչ մի երաշխիք, որ հաջորդ անգամ դիմակայությունը չի վերսկսվի նոր ուժով։ Երկրի արագացված իսլամացում իրականացնող Մուհամադ Մուրսին ընդդիմությանը դեռ բազմիցս առիթ կտա փողոց դուրս բերելու իրենց կողմնակիցներին՝ «Թահրիր» հրապարակի հեղափոխականներին, որոնք վրդովված են այն փաստից, որ «Մուսուլման եղբայրները» յուրացրել են «Մուբարաքի բռնապետության» (որը ժամանակ անց և համեմատ Մուրսիի կառավարման՝ այնքան էլ բռնապետություն չի թվում) նկատմամբ իրենց հաղթանակի պտուղները։

Նման միտում է նկատվում Թունիսում՝ Արաբական գարնան բնօրրանում։ Այնտեղ նույնպես նախագահ է դարձել իսլամիստ՝ Մոնսեֆ Մարզուկին։ Այնտեղ նույնպես կան սալաֆիականներ․ միայն թե նրանք քաղաքականություն չեն գնում՝ նախընտրելով իսլամական արժեքները ներդնել ինքնակամ։ Սալաֆիականներն ավերում են գեղարվեստական ցուցահանդեսները, եթե դրանցում ցուցադրված կտավները համարում են մուսուլմանական բարոյականությանն անհամապատասխան։ Հարձակվում են ալկոհոլ վաճառող խանութների վրա, սրճարանների վրա, որոնցում կարելի է գարեջուր պատվիրել։

Նախագահ Մարզուկին, որն արևմտյան լրատվամիջոցների հետ զրույցներում հայտարարում է ժողովրդավարությանն ու աշխարհիկ պետությանը հավատարիմ լինելու մասին, ոչ մի կերպ չի խոչընդոտում սալաֆիականների գործունեությանը։ Անկարգությունների կազմակերպիչները, որպես կանոն, խուսափում են պատասխանատվությունից։ Եվ որպես հետևանք՝ որոշ թաղամասերում սալաֆիականներն արդեն իրենց պահում են՝ որպես զուգահեռ իշխանություն՝ վերահսկելով, թե մարդիկ, հատկապես՝ կանայք, ինչպես են հագնվում, ինչ երաժշտություն են լսում, ինչ ֆիլմեր են դիտում։

Իսլամիստներն իրենց մասին ավելի ու ավելի բարձր հայտարարում են նաև Լիբիայում, որտեղ Մուամար Կադաֆիի օրոք նրանց կազմակերպությունների մեծ մասն արգելված էր։ Այժմ նրանք ոչ միայն օրինական գործում են, այլև ագրեսիվ կերպով համերկրացիների վզին են փաթաթում հավատքի մաքրության վերաբերյալ իրենց պատկերացումները։ Տրիպոլիում, Զլիտենում և Միսուրատայում ոչնչացվել են մուսուլման աստվածաբանների դամբարանները, որոնց տեղի շատ բնակիչներ երկրպագում են՝ որպես սրբերի։ Սակայն, սալաֆիականների տեսանկյունից, մուսուլմանը պետք է երկրպագի միայն Ալլահին ու Մուհամադ մարգարեին։ Տրիպոլիում դամբարանը ոչնչացրել են ոստիկանության աչքի առջև, որն այդպես էլ չի միջամտել՝ չնայած վրդովված բնակիչների պահանջներին։ Իշխանությունները նախընտրում են գործ չունենալ իսլամիստների հետ՝ վախենալով նրանց մարտական ջոկատներից ու նրանց արտասահմանյան ազդեցիկ հովանավորներից, առաջին հերթին՝ Պարսից ծոցի երկրներից։ Հեղափոխական Լիբիայի իսլամիստաահաբեկչական դրեյֆի ապոթեոզը սեպտեմբերին Բենղազիում ԱՄՆ-ի հյուպատոսության վրա հարձակումն ու դեսպան Քրիստոֆեր Սթիվենսի մահն էր։

Սիրիայում իշխանափոխություն դեռ տեղի չի ունեցել, նախագահ Բաշար ալ Ասադն ու նրա հետևում կանգնած ալաուիները հուսահատորեն հետ են մղում ընդդիմադիրների ջոկատները։ Սակայն այստեղ էլ դեպքերի զարգացումը վարչակարգի տապալման դեպքում հեշտ է կանխատեսել․ երկրին սպասվում է նույնպիսի իսլամացում, որպիսին տեղի է ունենում Եգիպտոսում, Թունիսում և Լիբիայում։

Սիրիական բանակի դիմակայության հարցում վերջին ամիսներին գրեթե գլխավոր դեր է խաղում «Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորումը, որն «Ալ Կաիդայի» մասնաճյուղն է։ ԱՄՆ-ը այս խմաբավորմանը ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում, սակայն դա ամենևին էլ չի խախտել նրա դիրքերը։ Ավելի շուտ՝ հակառակը․ ընդդիմադիր 29 շարժումներ հայտարարել են «զինակից եղբայրներին» անվերապահորեն աջակցելու մասին։ Ավելին՝ իրենց կողմնակիցներին կոչ են արել բարձրացնել «Ջաբհաթ ան Նուսրայի» դրոշը՝ նույն «Ալ Կաիդայի» դրոշը։

Եթե այս մարդիկ գան իշխանության, Ասադի վարչակարգը կթվա կրոնական հանդուրժողականության օրինակ։ Սակայն «Սիրիայի արտասահմանցի բարեկամները», որոնք երազում են ոչնչացնել Թեհրան-Դամասկոս առանցքը, «հեղափոխության այս կողմնակի ազդեցությունների» մասին նախընտրում են չխոսել։ Երևում է՝ չեն պատրաստվում վաղաժամ զուր անհանգստանալ։ Ինչպես Թունիսի, Եգիպտոսի և Լիբիայի դեպքում։

Մեկնաբանել