Պետք է շատանան գիտակից ընտրողները. Աղվան Վարդանյան

ՀՅԴ-ն կարծում է, որ առաջընթաց ապահովելու համար պետք է շատանան գիտակից ընտրողները. այս մասին »Հ1» հեռուստատեսության «Հարցազրույց»-ի տաղավարում նշեց «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը: «Եթե երկրում մի բան է փոխվելու, փոխվելու է ընտրություններով, սակայն՝ ոչ այս կարգի ընտրություններով»,- նշեց նա:

Անդրադառնալով քաղաքական ուժերի՝ ընտրություններին չմասնակցելու որոշմանը՝ Վարդանյանը կարծիք հայտնեց, որ իշխանության պահվածքը և մոտեցումները չմասնակցելու որոշումների վրա որոշակի ազդեցություն ունեցել են, քանի որ մեծացել է «ստվերը ընտրություններում», փոքրացել հույսը՝ արդար պայքարի: Այն հարցին, թե երբևէ ՀՅԴ-ն էլ շատ ձայներ է ստացել, նա պատասխանեց. «Դաշնակցությունը տարբեր ընտրություններում ունեցել է 100-150-170 հազար ձայն, մեծ տարբերություններ չեն եղել, որ դուք ստվեր տեսնեք: Ստվեր եղել է միշտ. որևէ ընտրություն չի եղել, որին մենք ասենք «հրաշալի»: Վերջին ընտրություններին իշխանություններն ասում են «փայլուն», միջազգային կառույցներն ասում են «քայլ առաջ», Դաշնակցությունն ասում է, որ «դրանք ամենևին էլ լավագույն ընտրությունները չէին»»:

Ըստ Վարդանյանի՝ քաղաքական կոնսենսուս չկայացավ, և հիմա պետք է մտածել գործողությունների նոր ծրագրեր. «Խորհրդակցությունները ավարտվեցին, երբ քաղաքական ուժերը հայտարարեցին, որ ՀՅԴ-ի 7-կետանոց պահանջի հետ համաձայն չեն, սակայն նույնիսկ դրանից հետո մենք փորձեցինք ևս մեկ անգամ հանդիպել, բայց ոմանց համար գնացքն արդեն գնացել էր, հայտարարել էին, որ չեն առաջադրվելու. ինչևէ, չստացվեց»,- ասաց նա:

Աղվան Վարդանյանը հաղորդեց, որ առաջիկա օրերին ՀՅԴ-ն իր ընտրազանգվածին խորհուրդ կտա՝ ինչ դիրքորոշում որդեգրել ընտրությունների նկատմամբ:

Մեկնաբանել