Վերջին երկու օրերին Հալեպի ազգային վարժարանները վերաբացվել են, և դասընթացը վերսկսվել է: Այս մասին «Ազդակի» հետ զրույցում ասել է Հալեպի ազգային առաջնորդարանի մամուլի խոսնակ Ժիրայր Ռեյիսյանը:
«Ապահովական նկատառումներով բոլոր վարժարանները` չորս նախակրթարան և ազգային Քարէն Եփփէ Ճեմարանը, ժամերի հատուկ հարմարեցմամբ համախմբվել են մեկ կառույցում»,- նշել է Ժիրայր Ռեյիսյանը` հավելելով, որ բացի Հալեպից` Սիրիայի մյուս քաղաքներում Ազգային վարժարանները բնականոն կերպով վերսկսել են իրենց աշխատանքները:
Ռեյիսյանի խոսքով` Հալեպում իրադրությունը նույնն է, քաղաքը հանգիստ է` չնայած հաճախակի դարձած ռմբահարության և կրակոցի ձայներին: