Իրականացել են փոքրիկների ամանորյա երազանքները

Ամանորի նախօրեին մայրաքաղաքի 3 ընտանիքների 6 երեխաների անունից Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին նամակներ էին հասցեագրվել, որոնցում փոքրիկները, ամանորյա հրաշքի սպասումով, Ձմեռ պապից խնդրել էին վաղուց երազած նվերներ. տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից:

Երևանի քաղաքապետը փոքրիկների խնդրանքը փոխանցել էր Ձմեռ պապին և խնդրել անպայման իրականություն դարձնել երեխաների երազանքը: Ձմեռ պապն ու Ձյունանուշն առաջին նամակի հետքերով նախ այցելել են 14-ամյա Հովհաննես Բունիաթյանին և նրա զարմիկին`4-ամյա Հակոբին, ում փոխանցվել է նամակում նշված հեծանիվը, իսկ Հովհաննեսին`խոստացված համակարգիչը:

Իրականություն են դարձել նաև իննամյա Էրիկայի և չորսամյա Ալեքսի երազանքները: Նրանց համապատասխանաբար հանձնվել են անվավոր չմուշկներ և ավտոմեքենաների հավաքածու: Իսկ Ալավերդյան քույրերը` Մարինան ու Նատալին, Ձմեռ պապին ուղղված և Երևանի քաղաքապետին հասցեագրված իրենց նամակում խնդրել էին խոհանոցային սպասք, նկարչական պարագաներ ու տիկնիկներ:

Բնականաբար, իրականություն է դարձել նաև քույրիկների երազանքը: Երևանցի փոքրիկներին այցելած Ձմեռ պապն ու Ձյունանուշը նաև հաճելի ժամանց են ապահովել երեխաներին և այլ հաճելի անակնկալներ մատուցել գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Մեկնաբանել