Ինտրիգների պարագայում հաղթում է գործող ռեժիմը

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին չի առաջադրվելու: Այդ հայտարարությամբ կարծես քաղաքական դաշտը լրիվ ամայացել է, և ընտրությունների ելքը արդեն իսկ վճռված է: Ի՞նչ է անհրաժեշտ Հայաստանին, որ քաղաքական դաշտն ավելի մրցակցային դառնա: Թեմայի շուրջ ՍիվիլՆեթը զրուցել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի և նույն կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանի հետ:

– Պարոնայք, Լևոն Տեր-Պետրոսյանի որոշումը Ձեզ համար կանխատեսելի՞ էր:

Մ.Ս. – Ինձ համար ավելի էական է այն իրավիճակը, որը ստեղծվել է նախագահական ընտրությունների նախաշեմին, երբ փաստորեն քաղաքական ուժերի այս մի քանի տարվա գործունեության արդյունքում ստեղծվել է ամայացված մի վիճակ: Այս վիճակում կարծում եմ, որ որևէ էական նշանակություն չէր ունենա Տեր-Պետրոսյանի առաջադրումը կամ չառաջադրումը: Ըստ երևույթին՝ ինքն էլ դա հասկացավ:

Է.Վ. – Ե՛վ սպասելի էր, և՛ ոչ: Եթե վերջին տասը օրվա իրադարձությունների կտրվածքով նայենք հարցին, ավելի շատ սպասելի էր, որովհետև առանց լուրջ պատճառաբանությունների՝ խնդիրը անընդհատ ձգձգվում էր: Կար նաև որոշակի գաղափարների պակասորդ Կոնգրեսում և կոնգրեսամերձ շրջանակներում, և այս որոշումը կամաց-կամաց հասունանում էր: Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու տարիքային պատճառաբանությանը, հարց է առաջանում՝ արդյոք նա նո՞ր է իմացել, որ 68 տարեկան է: Այսինքն՝ եթե տարիքայինն է պատճառը, ապա, բնականաբար, Տեր-Պետրոսյանը վաղուց պետք է հայտներ այս հանգամանքի մասին, որպեսզի մարդիկ ինչ-որ ծրագրեր չկառուցեին այս ամենի վերաբերյալ, ամբողջ հասարակության ուաշադրությունը չսևեռվեր այս խնդրի վրա: Զուտ հասարակական շահի տեսակետից մենք բավական բացասական երևույթի հետ գործ ունենք, երբ առաջին նախագահը իր չառաջադրման ճիշտ պատճառաբանությունը չի ներկայացնում:

– Սերժ Սարգսյանի շուրջ ստեղծված իրավիճակը ունիկալ է: Նա երեք նախագահների մեջ առաջին ժամկետում ամենադժվար ճանապարհով նախագահ դարձավ, սակայն երկրորդ ժամկետում դեպի նախագահական նստավայր ճանապարհ է հարթում ավելի հեշտ, քան դա արել են Ռոբերտ Քոչարյանն ու Տեր-Պետրոսյանը:

Մ.Ս. – Ինչ-որ տեղ դա բնական է, որովհետև կապված է Հայաստանի քաղաքական համակարգում կուսակցությունների գործունեության հետ: Այդ գործունեությունն ինքնին չէր կարող տանել որևէ պրոգրեսի: Բոլոր կուսակցությունները հայտարարում են, որ Հայաստանում ընտրությունները կեղծվում են, և բոլորը մասնակցում են բոլոր ընտրություններին: Եվ բոլոր ընտրությունների ժամանակ հայտարարում են, որ մենք կհասնենք հաղթանակի, կվերահսկենք, կպահենք ձեր քվեները, բայց երբևէ դա չեն կարողանում անել: Հասարակությունը շատ լավ գիտի, թե իրականում ինչով են զբաղված կուսակցությունները, ստվերային այդ առևտուրը որպես երևույթ արդեն ոչ ոքի չի զարմացնում, մանավանդ վերջին տարում, երբ շատ բաներ բացահայտվեցին: Հասարակությանը ներկայացվում էր մի բան, սակայն կուսակցությունները զբաղված էին ուրիշ բանով: Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ տնտեսությունից այն կողմ քաղաքականությունը ինտրիգ է, ինչո՞ւ է այդպես ասում, որովհետև ինքն էլ է մասնակցել: Բոլորը գիտեն, որ առնվազն հինգ տարի իրենք զբաղված են եղել ինտրիգով: Այդ ինտրիգը մի օր պետք է վերջանար: Ինտրիգների պարագայում հաղթում է գործող ռեժիմը:

– Այսինքն՝ քաղաքականություն՝ որպես այդպիսին, չի՞ եղել:

Մ.Ս. – Քաղաքականությունը այն է, երբ կուսակցությունները աշխատում են հասարակության հետ, այլ ոչ թե իրար հետ և գործող ռեժիմի հետ: Դա քաղաքականություն չէ, դա նույն օլիգարխիկ համակարգի թելադրած խաղն է, և այդ խաղին մասնակցության մասին մենք կարող ենք խոսել: Իսկ այդ խաղում հաղթում են նրանք, ովքեր թելադրում են կանոնները:

– Եթե ստեղծվել է նման իրավիճակ, բնական է՝ կան մեղավորներ: Մի մասը մեղադրում է իշխանություններին, որ չունեն համապատասխան արժեքային համակարգ երկրում գեներացնելու այնպիսի գործընթացներ, որոնք կբուժեն քաղաքական և պետական համակարգերը: Մյուս մասը նշում է, որ մեղավոր են այն քաղաքական ուժերը, որոնք առևտրի մեջ են մտնում իշխանությունների հետ:

Է.Վ. – Երևի ավելի կոռեկտ կլինի այս դեպքում ասել, թե իրավիճակը փոխվելուն խոչընդոտողները որ սուբյեկտներն են: Ես կարծում եմ, որ հիմնական խոչընդոտողը ընդդիմադիր էլիտան է: Իշխանական էլիտայի հետ կապված ամեն ինչ պարզ է: Նա փորձելու է ամբողջ ռեսուրսները կենտրոնացնել իր ձեռքում և չթողնել, որ հասարակությունը գործոն դառնա: Ընդդիմադիր էլիտայի խնդիրն է չեզոքացնել իշխանական էլիտայի այդ վարվելակերպը և այնպես անել, որ հասարակությունը գործոն դառնա: Այսքան երկար ժամանակ, այսքան արհեստական օրակարգեր առաջ մղելով՝ ոչ սահմանադրական, ոչ դեմոկրատական վարվելակերպին բնորոշ շարժ իրականացնելն է խոչընդոտող հանգամանք:

– Այս իրավիճակում Սերժ Սարգսյանի հիմնական մրցակիցները հերթով լքում են նախագահական մրցապայքարը: Սակայն դեռ կան քաղաքական ուժեր և գործիչներ, ովքեր փորձում են ձեռնոց նետել նրան: Ի՞նչ եք կարծում, նրանք չե՞ն պատկերացնում, որ իշխանության խաղի կանոններով պարտվելու են: Ինչո՞ւ են մասնակցում այդ միջոցառմանը:

Մ.Ս. – Առաջինը հենց այդ ուժերը պետք է պատասխանեն այդ հարցին: Դա կարևոր է: Այն մարդիկ, ովքեր առաջադրվում են, մեծ պատասխանատվություն են վերցնում իրենց վրա, որովհետև նրանք պիտի բացատրեն այդ քայլի նշանակությունը՝ ինչու են գնում ընտրությունների՝ նախօրոք հայտարարելով, որ շատ լավ հասկանում են ամեն ինչ, հասկանում են, որ 50 տոկոսից ավել չեն վերցնի և այլն: Բայց նրանք փայլուն գիտեն, որ մասնակցելով՝ լեգալիզացնելու են այս ընտրությունները: Դա արդեն մեծ հարված է պետությանը: Սրա դիմաց ի՞նչ են առաջարկում. որ անտեսվի վերնշված հանգամանքը: Այս հարցի պատասխանը բոլորը պետք է տան, և դրանից էլ կսկսվի հասարակական դիսկուրս, որ մարդիկ հասկանան, թե ինչու չեն հասնում հաջողության: Ամբողջ տարին շատ-շատերն են ասել, որ ընտրություններին նման մասնակցությունը մեծ վտանգ է երկրին: Հիմա բոլոր քաղաքական ուժերը պետք է պատասխան տան, թե ինչով էին զբաղված վերջին առնվազն հինգ տարիներին: Խնդիրը շատ պարզ է, և բոլոր ժողովուրդները սկսել են այստեղից՝ ինչպես արմատավորել երկրում ազատ ընտրությունների մեխանիզմը: Այդ ինչպես շատ ժողովուրդներ կարողացան գտնել այդ մեխանիզմը և երկիրը տանել դեպի դեմոկրատացում:

– Տպավորություն է, որ ամեն ինչ ընդօրինակում ենք՝ բացի ազատ և արդար ընտրություններ անցկացնելուց:

Է.Վ.Խնդիրը իսկապես պետք է հստակ դրվի: Ես կողմնակից չեմ այն գաղափարին, որ ոչ դեմոկրատական ռեժիմի կողմից անցկացվող և ոչ մի ընտրության չի կարելի մասնակցել: Մենք բազմաթիվ օրինակներ ունենք, երբ ավտորիտար ռեժիմների կողմից անցկացվող ընտրությունների ժամանակ ընդդիմությունը հաղթել է: Նույն Չիլիում Պինոչետի ռեժիմի կողմից կազմակերպված ռեֆերենդումի ժամանակ, որտեղ դրված էր Պինոչետի հետագա պաշտոնավարման խնդիրը, ռեֆերենդումը տապալվեց: Խնդիրն այն է, թե ինչ մեխանիզմներով է ընդդիմությունը կամ ժողովուրդը կարողանում հաստատել իր կամքը, անում այնպես, որ կեղծիքի պատրաստ իշխանությունը չկարողանա կեղծել, կամ եթե կեղծել է, ընթացքում հասկանա, որ էլ չի կարող շարունակել և պետք է նահանջի: Սա ամենակարևոր խնդիրն է: Եթե չես կարող ցույց տալ այն մեխանիզմը, թե ինչպես ես ընտրությունները աշխատեցնելու, ուրեմն անիմաստ է մասնակցել:

– Շատերի գնահատականներով՝ 2013թ. քաղաքական դաշտը ամբողջովին մաքրված է լինելու, որտեղ փաստացի չեն լինելու կեղծ քաղաքական ուժեր ու միավորումներ: Այս իրավիճակը կարո՞ղ է նոր գործընթացների սկիզբ լինել:

Մ.Ս. – Եթե նոր ենք ասում, ապա պետք է հասկանանք, թե դա ինչով է տարբերվում հնից: Եթե նոր մարդիկ են մտել, դա չի նշանակում, որ դա նոր է: Կարող են նոր մարդիկ մտնել և շարունակել հին ավանդույթները: Այդ նոր մարդկանցից նոր մոտեցումներ պետք է տեսնենք: Ինձ համար նոր մարդը նա է, ով մինչև ընտրությունների գնալը ինձ ցույց է տալիս, թե ինչպես է հաղթելու: Մինչև հաղթելը ես պետք է դա տեսնեմ սեղանի վրա: Այդպես են ժողովուրդները հաղթել: Ցանկացած ընտրություն թակարդ է գործող օլիգարխիայի համար, լուրջ խնդիր է, որը պետք է լուծեն: Այն ժողովուրդները, որոնք հաղթել են, այդ թակարդի մեջ խեղդել են ռեժիմներին:

Զրուցել է Դերենիկ Մալխասյանը

Մեկնաբանել