Հույս, հիասթափություն և կրկին հավատ

Ավարտվում է 2012 թվականը, և սկսվում է 2013-ը: Յուրաքանչյուր տարեվերջի բոլորը փորձում են ամփոփել անցնող տարվա զարգացումները, գնահատել արածն ու չարածը, սովորելով անցյալից՝ շարժվել դեպի ապագան: Անշուշտ, 2012-ը բարդ տարի էր ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի համար: Բարդ էր նաև մեզ համար՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի, որն արդեն մեկուկես տարի է իր ՍիվիլՆեթ մեդիա հարթակով և «Օրակարգ» տնտեսական օրաթերթով դարձել է հանրության յուրատեսակ բաց և ազատ խոսափողը:

2012-ը փոփոխության հույսի, հավատի, բայց նաև հիասթափության տարի էր: Երկրի ծանր սոցիալ-տնտեսական վիճակից բխող հասարակական դժգոհությունն այդպես էլ չգեներացվեց փոփոխություններն առաջնորդող քաղաքական համախմբման: Անդրկուլիսյան առևտուրների արդյունքում անձնական և կուսակցապետական շահերը գերադասվեցին հանրային և ազգային շահերից:

Սակայն չկա չարիք՝ առանց բարիքի: 2013-ը Հայաստանի համար իսկապես նոր հնարավորությունների տարի կարող է լինել: 2012-ին քաղաքական ուժերը, ամայացնելով դաշտը, ակամա մեծ տեղ բացեցին նոր, առողջ և բանիմաց ուժերի և գործիչների երևան գալու համար: Անցնող տարում քաղաքացիական հասարակության մանր, բայց շատ կարևոր հաղթանակներն իսկապես հույս են ներշնչում, որ նոր մտածողության և նոր էլիտայի ստեղծման համար պարարտ հող կա Հայաստանում:

Ինչպես անցած մեկուկես տարիների ընթացքում, այսուհետ ևս մենք ջանք չեն խնայելու, որ Ձեզ հետ միասին փորձենք ստեղծել հասարակություն, որտեղ տեսնենք մեր ու մեր սերունդների ապագան:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:

Մեկնաբանել