Նախագահի 15 թեկնածուներից մնացին 7-ը

2013թ. փետրվարի 18-ին նախատեսված նախագահական ընտրություններին մասնակցության նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցված 15 նախագահի թեկնածուներից միայն 7-ն են վճարել ընտրագրավ, հաղորդում են ԿԸՀ-ից: Նրանք են` ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը և քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը:

Ընտրագրավ չվճարած մյուս թեկնածուներն են` Հայաստանի մարտական կարատեի կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ Տարոն Աբրահամյանը, Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դասախոս Նարինե Մկրտչյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանը, թոշակառու Պավլիկ Սարգսյանը, գործազուրկ Մհեր Հայրապետյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում փաստաբան Ռուբեն Այվազյանը, «Ժամանակի էություն» սոցիալիստական շարժման կոորդինատոր Ռոբերտ Ահարոնյանը։

Ինչպես հայտնում են ԿԸՀ-ից, ընտրական 8 մլն դրամ գրավի մուծումը կատարվում է ՀՀ առևտրային բանկերում, իսկ ԿԸՀ է ներկայացվում միայն վճարման անդորրագիրը` գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերին կից:

Մեկնաբանել