Ճապոնիայի կառավարությունը 11 տարվա մեջ առաջին անգամ հնարավոր է` ավելացնի պաշտպանության ոլորտի պետական ծախսերը` պայմանավորված երկրում 2012թ. դեկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո իշխանության եկած վարչապետ Սինձո Աբեի՝ Չինաստանի հետ տարածքային վեճում ավելի կոշտ գործողությունների դիմելու կոչով, գրում է ճապոնական «Մաինիտի» թերթը:
Համաձայն պարբերականի անանուն աղբյուրի` ֆինանսական հաջորդ տարում (որը կսկսվի 2013թ. ապրիլի 1-ին) պաշտպանության ծախսերը հնարավոր է` ավելացվեն մոտ 2%-ով և հասնեն մոտ 4,7 տրլն յենի ($53,4 մլրդ-ի): Ընդ որում, ինչպես նշվում է ճապոնական մեկ այլ թերթի` «Ասահիի» հոդվածում, հավելյալ միջոցները կուղղվեն Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի անձնակազմի թվի ավելացմանը և ցամաքային, ծովային ու օդային ուժերի համար ժամանակակից սարքավորումներ գնելուն: Այս թերթի աղբյուրները նույնպես չեն բացահայտվում:
Հարկ է նշել` վարչապետի պաշտոնում իր առաջին մամլո ասուլիսին Սինձո Աբեն չէր բացառել, որ հնարավոր է` վերանայվի Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի կարգավիճակը, որը սահմանվում է երկրի 1947թ. Սահմանադրության 9-րդ հոդվածով, համաձայն որի` Ճապոնիան հրաժարվում է սեփական ցամաքային զորքերի, ռազմօդային ուժերի կամ նավատորմի ստեղծումից: Երկրում գոյություն ունեցող Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ոստիկանության հատուկ տեսակ են, որի խնդիրները պաշտոնապես սահմանապակված են միայն պետության ինքնապաշտպանությամբ: Ընդ որում` վարչապետն ընդգծել է, որ Ճապոնիայի «պաշտպանության հավաքական իրավունքի» իրականացման հարցը դրվելու է մասնագետների քննարկմանը:
Հիշեցնենք, որ Սենկակու (Դյաոյույդաո) կղզիների պատկանելության շուրջ տարածքային վեճը Չինաստանի ու Ճապոնիայի միջև սրվել է, երբ Ճապոնիայի կառավարությունը մասնավոր սեփականատիրոջից գնել է արշիպելագի հինգ կղզիներից երեքը: Ճապոնիան վստահեցնում է, որ զբաղեցնում է կղզիները 1895-ից, Պեկինում հիշեցնում են, որ 1783թ․ և 1785թ․ ճապոնական քարտեզների վրա Դյաոյույդաոն նշված է՝ որպես չինական տարածք։ Երկրորդ աշխարհամարտից հետո կղզիները ԱՄՆ-ի վերահսկողության տակ էին և փոխանցվել են Ճապոնիային 1972թ․։ Թայվանում ու մայրցամաքային Չինաստանում կարծում են, որ Ճապոնիան անօրինական է պահում կղզիները։ Ճապոնիայում նշում են, որ Չինաստանն ու Թայվանը սկսել են հավակնել կղզիներին 1970-ական թվականներից, երբ պարզվել է, որ այդ շրջանը հարուստ է օգտակար հանածոներով։