Հունվարի 6-ը Սուրբ Ծնունդ է

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր` հունվարի 6-ին, նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը: Այն Հիսուսի ծննդյան և մկրտության հիշատակումն է: Սուրբ Ծնունդը հայ առաքելական եկեղեցու առաջին տաղավար տոնն է:

Առաքելական բոլոր եկեղեցիներում այսօր առավոտյան ` ժ. 11.00-ին, կմատուցվի Սուրբ Պատարագ, որից հետո կկատարվի Ջրօրհնեք: Այն խորհրդանշում է Հորդանան գետում Հիսուսի մկրտությունը: Պատարագիչը սուրբ Մյուռոն կկաթեցնի ջրի մեջ և կօրհնի ջուրը: Ավանդության համաձայն, ժողովուրդն այդ ջրից տուն է տանում, որպես բուժիչ դեղ հիվանդների համար: Այնուհետև քահանան այցելում է հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի ծնունդը, որտեղից էլ առաջացել է Տնօրհնեքի սովորույթը:

Սուրբ Ծննդյան օրը միմյանց ողջունում են «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս» խոսքերով:

Սուրբ Ծննդյանը հաջորդում է հանգուցյալների հիշատակության օրը` Մեռելոցը: Հունվարի 7-ին Սուրբ Պատարագից հետո բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմները:

Մեկնաբանել