Թուրքմենստանում ուժի մեջ է մտել զլմ ազատության մասին նոր օրենք

Թուրքմենստանում ուժի մեջ է մտել երկրի պատմության մեջ առաջին օրենքը, որը կարգավորում է զանգվածային լրատվամիջոցների գործունեությունը:

«Իտար-Տասս»-ի հաղորդմամբ, համապատասխան հրամանն այսօր ստորագրել է երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:

Նոր օրենքով երկրի քաղաքացիներն անխոչընդոտ հասանելիություն ունեն արտասահմանյան լրատվամիջոցներին, արգելվում է գրաքննությունը եւ լրագրողների գործունեության խոչընդոտումը:

Առաջին անգամ Թուրքմենստանի բնակիչները օրենքով իրավունք ստացան օգտագործել լրատվամիջոցները կարծիքներ, համոզմունքներ արտահայտելու ինչպես նաեւ տեղեկատվություն ստանալու եւ տարածելու համար:

Լրատվամիջոցների զարգացման համար պետությունը բյուջեից գումար կտրամադրի:

Ներկայում Թուրքմենստանում գործում է միայն մեկ լրատվական գործակալություն, յոթ ազգային հեռուստաալիքներ, հինգ տեղական ռադիոկայաններ եւ 39 տպագիր պարբերականներ, ընդ որում կենտրոնական թերթերի հիմնական հիմնադիրը համարվում է նախագահը:

Մեկնաբանել