Հայաստանում գործում է մարդու օրգանների վաճառքի մաֆիա. ահազանգ

«Չենք լռելու»-ին է դիմել Աշտարակի բնակիչ Կարապետ Կարապետյանը՝ խնդրելով բարձրաձայնել իր կնոջ՝ Նունե Մաղաքյանի հետ կատարված սարսափելի դեպքի մասին, ասված է նախաձեռնության տարածած հաղորդագրությունում:

«Իրադարձությունների շղթան ինձ լուրջ մտորումների տեղիք է տալիս, որ Հայաստանում գործում է մարդու օրգանների վաճառքի մաֆիա»,- ասել է Կարապետյանը «Չենք լռելու»-ի տեսանյութում՝ հայտարարելով, թե բժիշկները Մարգարյան հիվանդանոցում կանխամտածված կարել են իր կնոջ միզածորանը, այնուհետև տևական ժամանակ իրենք իրենց անտեղյակի տեղ դրել՝ իբր չիմանալով միզածորանի՝ իրենց իսկ կողմից կարված լինելու մասին:

Երկար ժամանակվա ընթացքում կարված լինելով` միզածորանի ֆունկցիոնալ հատկությունները խախտվել են, և բժիշկները խորհուրդ են տվել հեռացնել երիկամը, որը թեև առողջ է, սակայն միզածորանի՝ շարքից դուրս գալու պատճառով անիմաստ է դարձել: Երիկամը հեռացնելուց առաջ Կարապետյանների ընտանիքը պահանջել է օրգանն իրենց տրամադրել, ինչի վերաբերյալ հիվանդանոցի հետ գրավոր համաձայնություն կա: Սակայն վիրահատությունից հետո հիվանդանոցը հրաժարվել է տրամադրել երիկամը՝ պատճառաբանելով «փորձաքննության» անցկացմամբ:

Կարապետյանի խոսքով` միզածորանը «իբր թե անզգուշորեն կարելը և սկիզբն էր այն շղթայի, որը հետագայում երիկամը հեռացնելու և այն վաճառելու հիմք պետք է դառնար»:

Կարապետյանի խոսքով` կա իրար հետ հանցավոր պայմանավորվածությունների մեջ գտնվող բժիշկների գործողությունների անուղղակի ապացույցը. առաջին վիրահատությունը հետին թվով ձևակերպվել է որպես պետպատվեր, չնայած ընտանիքը վճարունակ է: «Այդ պետպատվերը նրանք գողացել են մի ընչազուրկ ընտանիքից, իսկ մնացած երկու վիրահատությունների գումարն էլ բժիշկները խոստացան փոխհատուցել առձեռն: ՈՒրիշ ի՞նչ նպատակ դա կարող էր հետապնդել, եթե ոչ մեզ լռեցնելն ու մեր աչքերում փորձել լավամարդ դառնալը»,- տեսանյութում նշում է Կարապետյանը՝ ներկայացնելով նաև, թե ինչ պատնեշների է բախվել իրավապահ և դատական մարմիններում: