Սուրբ ծննդի նախօրեին հայտնաբերվել է ֆրանսիացի նկարիչ և քանդակագործ Անրի Մատիսի 1 մլն դոլար արժողությամբ «Պարտեզ» կտավը, որը 1987թ. գողացվել էր Ստոկհոլմի թանգարանից: BBC-ի հաղորդմամբ՝ կտավը շուտով կվերադարձվի թանգարան:
Ավելի քան 25 տարի առաջ մի խումբ չարագործներ կացնով կոտրել էին Ստոկհոլմի թանգարանի դուռը և գողացել Մատիսի աշխատանքը: Տասը րոպե անց տեղ հասած ոստիկանությանը չէր հաջողվել ձերբակալել գողերին: Թանգարանի տնօրենը վստահեցրել է աշխատակիցներին, որ կտավը «չափազանց հայտնի է բացահայտ վաճառվելու համար, հետևաբար, այն վաղ թե ուշ ջրի երես դուրս կգա»:
Կորած նկարի հետքը հայտնաբերել է բրիտանացի գալերիստ Չարլզ Ռոբերտսը, երբ լեհ մասնավոր մի հավաքորդ պատրաստակամություն է հայտնել նրան վաճառել «Պարտեզը»: Ռոբերտսը ստուգել է կտավի վերաբերյալ տեղեկատվությունը Կորած արվեստի նմուշների ռեեստրի միջոցով (ALR) և վերջինիս տնօրեն Քրիստոֆեր Մարինելլոյի հետ համատեղ վերադարձրել նկարը կազմակերպությանը: Մարինելլոյի խոսքով՝ «որևէ բան չի վճարվել, ոչ մեկի ձեռքերը չեն ոլորվել»:
Շվեդիայի մշակույթի նախարարության միջոցով կտավը բացարձակապես անվճար կփոխանցվի Ստոկհոլմի ժամանակակից արվեստի թանգարան: « Սա Սուրբ ծննդյան նվեր է շվեդ ժողովրդին»,- ասել է Մարինելլոն: