BBC-ի լրագրողներին արգելվել է բանան ուտել

BBC հեռուստառադիոհեռարձակող կորպորացիան իր լրագրողներին արգելել է աշխատավայրում բանան ուտել, գրել է Sun պարբերականը: Վերջինիս հաղորդմամբ՝ կորպորացիայի կենտրոնակայանում կախված են պաստառներ, որոնք կոչ են անում ձեռնպահ մնալ աշխատավայրում բանան ուտելուց:

Արգելքի պատճառն այն է, որ աշխատակցուհիներից մեկն ունի ալերգիա բանանից և արևադարձային այս մրգի հետ շփումը կարող է մահացու հետևանք ունենալ նրա համար:

Sun-ը գրել է, որ առանց բացառության բոլոր աշխատակիցներին արգելվել է ոչ միայն իրենց գործընկերների ներկայությամբ ուտել, այլև կեղևազրկել բանան:

Արտասովոր այս արգելքը կորպորացիայի աշխատողների համար դարձել է կատակի առարկա. նրանք անգամ առաջարկում են BBC-ն վերծանել որպես Banned Banana Corporation (Արգելված բանանների կորպորացիա):

Ղեկավարությունն իր հերթին ընդգծել է, որ նման միջոցառումն ամենևին ծիծաղելի չէ, քանի որ խոսքը մարդկային կյանքի մասին է:

Մեկնաբանել