Նախագահի ԲՀԿ-ական թեկնածուն ընտրապայքարից դուրս է եկել կուսակիցների խնդրանքով

ԲՀԿ-ական նախագահի թեկնածու, իրավաբան Ռուբեն Այվազյանն այսօր կուսակիցների հետ հանդիպման է գնացել ու նրանց խնդրանք-հորդորով որոշել դուրս գալ նախագահական ընտրապայքարից:

«Իմ ընկերների խորհրդով որոշեցի չօգտվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երկօրյա ժամկետից: Իմ մոտիկ ընկերներն են խորհուրդ տվել չշարունակել»,- Aravot.am-ին ասել է նախագահի թեկնածուն:

Նա վստահեցրել է, որ 8 միլիոն դրամ ընտրագրավը դեռ երեկ ձեռքի տակ է ունեցել ու ընտրապայքարից ամենևին էլ գումար չունենալու պատճառով չէ, որ հեռանում է: «Եվրոպական խորհրդից եմ աշխատավարձ ստանում՝ ամսական 850 եվրո…որպես օրինապաշտ քաղաքացի, 4-5 կուսակցություն չեմ փոխել, որ պաշտոն ստանամ: Այն ծրագիրը, որ ներկայացրել եմ, կոռումպացված համակարգը իսպառ վերանալու էր: Ես որպես իրավաբան տվել էի այն բանալին, որ Հայաստանը այս ցեխից պետք է դուրս գար: Թեկուզ ոչ ոքի չեմ սատարում, բայց թեկնածուներից մեկին, որը ցանկանա օգտվել իմ ծրագրից, պատրաստ եմ ամբողջությամբ աջակցել ու տրամադրել: Որպես օրինապաշտ քաղաքացի որոշել եմ ենթարկվել կուսակցության կանոնակարգին՝ որևէ շեղում չլինի»,- նշել է նա:

Մեկնաբանել