Գյումրիում անօթևան շատ ընտանիքներ վառելիք հայթայթում են աղբանոցներից

Վառելափայտի գների՝ տարեցտարի թանկացման պատճառով Գյումրու տնակային ավաններում բնակվող հարյուրավոր ընտանիքների համար ձմռան վառելիքի հայթայթման միակ վայրը դարձել է աղբանոցը, երբեմն էլ՝ քաղաքի ծայրամասային թփուտները. հաղորդում է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն:

Բազմաթիվ ընտանիքներ ամբողջ ամառ հավաքում են ձեռքերն ընկած իրերը` պլաստիկե շշեր, թուղթ, հնամաշ կոշիկներ, անվադողեր, շոր և այլն, որպեսզի կարողանան ձմռան ամիսներին մի կերպ տաքացնել վագոն-տնակները: Իսկ տնակներում նորմալ ջերմաստիճան ապահովելը բավական դժվար է, կարելի է ասել` գրեթե անհնարին բան է. ձմռանը մշտապես ցուրտ է, իսկ ամռան ամիսներին անտանելի տոթ է: Այդ պատճառով տնակային ավաններում հատկապես երեկոյան ժամերին ծխնելուզներից քուլա-քուլա թափվող ծխից շնչահեղձ կարելի է լինել: Դժբախտաբար, տնակներում ապրողերի համար պետության կողմից որևէ սոցիալական արտոնություն, ասենք` ձմռան ամիսներին անվճար կամ գոնե մատչելի գնով վառելիք չի տրամադրվում:

Ներկայացվող տեսանյութը պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա, վաղուց շարքից դուրս եկած տնակում բնակվող Անժիկ և իր երկրորդ երեխային սպասող Էլմիրա Հակոբյանների ընտանիքի մասին է:

Մեկնաբանել