Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը չի կարող մասնակցել իր երդմնակալության արարողությանը, որը ծրագրված է հունվարի 10-ին, հաստատել է երկրի կառավարությունը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Երդմնակալությունը հետաձգվել է անորոշ ժամկետով։
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Էնրիկե Կապրիլեսը երկրի Գերագույն դատարանին կոչ է արել պարզաբանել իրադրությունը՝ կապված այն հանգամանքի հետ, որ Չավեսը չի կարողանա երդվել հունվարի 10-ին։
Կապրիլեսը վստահեցնում է, որ համաձայն Սահմանադրության, եթե Չավեսը չերդվի մինչև հունվարի 10-ը, Ազգային ասամբլեայի առաջնորդը պետք է ստանձնի երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորութունները մինչև նախագահական նոր ընտրությունների անցկացումը։
Վենեսուելայի կառավարությունը վստահեցնում է, որ նախագահի երդմնակալության արարողությունը միայն ձևականություն է։
Ուգո Չավեսն արդեն մեկ ամիս է, ինչ Կուբայում է։ Բժիշկները նրան բուժում են թոքային անբավարարությունից. սա չարորակ ուռուցքի հեռացման արդեն չորրորդ վիրահատության հետևանքներից մեկն է։