Մալայզական նահանգում ոչ մուսուլմաններին արգելվել է օգտագործել «ալլահ» բառը

Մալայզիայի Սելանգոր նահանգի սուլթան Շաֆարուդին Իդրիս Շախը ոչ մուսուլմաններին արգելել է նահանգի տարածքում որևէ կերպ օգտագործել «ալլահ» բառը՝ ասելով, որ այն սրբազան է և պատկանում է միայն իսլամ դավանողներին: Նման հայտարարություն է արել նահանգում իսլամի հարցերով խորհրդի քարտուղար Մոհամմադ Միսրի Իդրիսը:

Վերջինիս խոսքով՝ Սելանգորի սուլթանը պետական մարմիններին կարգադրել է վճռական քայլեր ձեռնարկել նրանց դեմ, ովքեր կխախտեն այս արգելքը նահանգի տարածքում:

Մալայզիայի փոխվարչապետ Մուհիդդին Յասինն ասել է, որ սուլթանը՝ որպես իսլամի հարցերով նահանգի վերին ատյան, ունի նման որոշում ընդունելու իրավունք:

Մալայզիան բաղկացած է 13 նահանգից, որոնցից 9-ում ժառանգաբար կառավարում են սուլթանները. նրանք ամեն հինգ տարին մեկ ընտրում են երկրի նախագահին: Մյուս չորս նահանգում կառավարում են նահանգապետերը: Երկրի պետական կրոնը իսլամն է, որը դավանում է բնակչության 60%-ը:

Մեկնաբանել