Հայաստանում քաղաքականության և բիզնեսի սերտաճումը մտահոգիչ է. Heritage Foundation-ի և WSJ-ի զեկույց

Տնտեսական ազատությունների հիմքում դրվող տասը ցուցիչներից ընդամենը երկուսի մասով է Հայաստանը առաջընթաց ունեցել, արձանագրում է ամերիկյան The Heritage Foundation-ի և Wall Street Journal պարբերականի՝ աշխարհի ամենաազատ տնտեսությունների 2013թ. զեկույցը։ Ամենամյա այս վարկանիշում Հայաստանը 177 երկրների շարքում զբաղեցրել է 38-րդ տեղը և հանգրվանել «չափավոր ազատ» տնտեսությամբ պետությունների խմբում՝ տնտեսական ազատությունը ցուցանիշով զիջելով 2011թ., 2009թ. և 2008թ. արձանագրված մակարդակին։ «Քաղաքականության և բիզնեսի սերտաճումը մտահոգիչ է և հանգեցնում է հովանավորչության ու օլիգարխիայի չափազանց մեծ ազդեցության»,- Հայաստանի մասով նշվում է զեկույցում։

Կառավարությունը երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, իրականացված տնտեսական քաղաքականության արդյունավետությունը գնահատելիս պարբերաբար վկայակոչում է ոչ թե աղքատության մակարդակը կամ օտարերկրյա ներդրումների ծավալը բնութագրող ցուցանիշները, այլ միջազգային տարբեր կառույցների կողմից հրապարակվող զեկույցները։

Հունվարի 10-ի կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է The Heritage Foundation-ի և The Wall Street Journal-ի կողմից հրապարակվող աշխարհի ամենաազատ տնտեսությունների ամենամյա զեկույցին, որում Հայաստանը տնտեսական ազատության ինդեքսը բարելավել է 0,6 կետով՝ մինչև 69,4 կետ։ Վարչապետը, սակայն, նախընտրել է չհիշել, որ նույնիսկ այս բարելավումից հետո երկիրը հետ է մնում 2011թ., 2009թ. և 2008թ. արձանագրված ցուցանիշներից, երբ ինդեքսը կազմում էր 69,7 կետ։

Ըստ մեթոդաբանության՝ կիրառվում է 0-ից մինչև 100 միավոր գնահատման սանդղակ, ընդ որում՝ բարձր ցուցանիշը վկայում է տնտեսական ազատության ավելի մեծ աստիճանի մասին։ Երկրները տնտեսական ազատության ինդեքսին համապատասխան խմբավորվում են հինգ խոշոր կատեգորիաներում: Այսպես, ինդեքսում 80 և ավելի կետ ունեցող երկրները համարվում են տնտեսապես «ազատ», 70,0-79,9-ը՝ «հիմնականում ազատ», 60-69,9-ը՝ «չափավոր ազատ», 50-59,9-ը՝ «հիմնականում ոչ ազատ», 49,9-ից ցածրը՝ «ճնշված» երկրներ։

Համաձայն այս տարվա զեկույցի՝ Հայաստանը 177 երկրների շարում զբաղեցրել է 38-րդ տեղը և շարունակում է համարվել «չափավոր ազատ» տնտեսությամբ երկիր։

Ըստ զեկույցի հեղինակների՝ թեև Հայաստանը առանձին ցուցիչներով բարելավել է դիրքերը, լուրջ քայլեր են անհրաժեշտ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են դատական համակարգի անկախությունը և կառավարության գործունեության թափանցիկությունը։ Չնայած կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթացին, հատկապես՝ հարկային և մաքսային վարչարարության ոլորտում, քաղաքականության և բիզնեսի սերտաճումը մտահոգիչ է և հանգեցնում է հովանավորչության ու օլիգարխիայի չափազանց մեծ ազդեցության, նշվում է զեկույցում։

Երկրի տնտեսական ազատության ինդեքսը հաշվարկվում է գնահատելով տասը ցուցիչ. գործարարության ազատություն, առևտրի ազատություն, հարկաբյուջետային ազատություն, կառավարության ծախսեր, դրամավարկային ազատություն, ներդրումների ազատություն, ֆինանսական ազատություն, սեփականության իրավունք, կոռուպցիա, աշխատանքի ազատություն։

Այս տարվա զեկույցում տասը ցուցիչներից հինգում (դրամավարկային, ներդրումների, ֆինանսական ազատություններ, սեփականության իրավունքի, կոռուպցիա) Հայաստանում իրավիճակը անփոփոխ է, երկու ցուցիչով (աշխատանքի ազատություն և կառավարության ծախսեր) երկիրը բարելավել է դիրքերը, իսկ երեքով (գործարարության, դրամավարկային, հարկաբյուջետային ազատություններ)՝ նահանջ ապրել։

Ստացվում է, որ կառավարության նիստում նշվող առաջընթացը, ըստ էության, արձանագրվել է տնտեսական ազատությունը բնութագրող ցուցիչներից ընդամենը երկուսի մասով։

Մեկնաբանել