ԱՄՆ-ի հասարակությունը մտահոգված է երկրի ֆինանսների նախարարի պաշտոնում նախագահի աշխատակազմի ներկայիս ղեկավար Ջեյքոբ Լյուի հնարավոր նշանակմամբ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ այդ դեպքում նրա ստորագրության ֆաքսիմիլեն կտպվի դոլարների վրա։ Պաշտոնյայի՝ 2011թ․ սեպտեմբերի 21-ով թվագրված մի հուշագրի տակ դրված ստորագրության օրինակը հայտնվել է համացանցում․ Լյուի ստորագրությունը թեթևակի հիշեցնում է ձգված զսպանակ։ New Yorker-ի լրագրող Ռայան Լիզան Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ իրեն հաջողվել է հաստատել ստորագրության իսկությունը։ Ինչպես հաղորդում է USA Today-ը, Jack Loooooooo հեշթեգն այս օրերին պարբերաբար հայտնվում է Twitter-ի թրենդներում։ New York Magazine-ը Լյուի ստորագրությունը անվանել է «վատագույնը աշխարհում», իսկ Daily Caller-ն այն «սարսափելի» է անվանել։ Լրատվամիջոցները վիճում են, թե պաշտոնյայի մոտ երբ է ձևավորվել այդպիսի ձեռագիր, հարկ է արդյոք նրան վերասովորել, որպեսզի դոլարի վրա նրա ստորագրությունը դիտվի՝ ըստ արժանվույնս, թե հակառակը՝ այն կդառնա թղթադրամի դիզայնի տարբերակիչ նշան։ Ինտերնետ օգտագործողներն իրենց մեկնաբանություններում Լյուի ստորագրությունն անվանում են բարձրարվեստ, այն համեմատում են աբստրակտ էքսպրեսիոնիզմի ստեղծագործությունների հետ և գրում են, որ այդպիսի ստորագրությամբ դոլարով՝ յուրաքանչյուր ամերիկացի քայլող թանգարան կդառնա։
Պարզվում է՝ ձեռագրի հետ կապված խնդիրների է առնչվել նաև ԱՄՆ-ի ֆինանսների հեռացող նախարար Թիմոթի Գայթները։ 2012թ․ ապրիլին նա Market Place-ին տված հարցազրույցում պատմել է, որ ստիպված է եղել փոխել ստորագրությունը։ Գայթների խոսքով՝ ինքը ստորագրության նրբագեղության հետևից չի ընկել, պարզապես հարկավոր է եղել, որ ստորագրությունը դոլարի վրա ընթեռնելի լինի։ Գայթները հավելել է, որ իր ձեռագիրը ձևավորվել է, երբ ինքը սովորելիս է եղել Դելիի դպրոցներից մեկում, ուստի չի բացառում, որ իր վայելչագրության ուսուցիչները լավագույնը չեն եղել։