Moody’s-ը երեք աստիճանով իջեցրել է Կիպրոսի վարկանիշը

Միջազգային վարկանշային Moody’s գործակալությունը երեք աստիճանով իջեցրել է Կիպրոսի վարկանիշը՝ B3-ից մինչև Caa3: Ներկայում Նիկոսիային ընդամենը երկու քայլ է բաժանում դեֆոլտից: Վարկանիշի կանխատեսումը սահմանվել է բացասական, ինչը նշանակում է, որ չի բացառվում դրա հետագա իջեցում:

Գործակալությունn իր քայլը պայմանավորել է Կիպրոսի պետպարտքի մեծացման սպասումներով՝ պայմանավարված տեղական բանկերին ցուցաբերվող լրացուցիչ ֆինանսական աջակցության հատկացմամբ:

Ըստ Moody’s-ի փորձագետների՝ Կիպրոսի ֆինանսական կառույցների վերակապիտալիզացիայի համար անհրաժեշտ կլինեն կանխատեսվածից ավելի մեծ ֆինանսական միջոցներ: Ավելին՝ պարտքային ծանրաբեռնվածությունը այս երկրի համար կարող է չափից մեծ լինել՝ հանգեցնելով դեֆոլտի:

2012թ. ամռանը Կիպրոսը եվրոգոտու չորրորդ երկիրը դարձավ, որ դիմել է Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությանը: Կիպրական զանգավածային լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Կիպրոսին հատկացվող արտաքին ֆինանսական աջակցությունը կարող է կազմել €17 մլրդ, որը համարժեք է այս երկրի տարեկան ՀՆԱ-ին:

Հիշեցնենք, որ 2012թ. դեկտեմբերին միջազգային վարկանշային Standard&Poor’s գործակալությունը Կիպրոսի վարկանիշն իջեցրել էր B-ից CCC+՝ պահպանելով բացասական կանխատեսումը:

Գործակալությունն իր որոշումը պայմանավորել էր գոյություն ունեցող ֆինանսական խնդիրների խորացմամբ, մասնավորապես՝ Կիպրոսի կառավարության կողմից ֆինանսավորման ներգրավման հնարավորությունների սահմանափակմամբ:

Ավելի վաղ՝ 2012թ. նոյեմբերին միջազգային վարկանշային Fitch գործակալությունը ևս իջեցրել էր Կիպրոսի վարկանիշը:

Մեկնաբանել